Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում ժամերգությունը դրական երևույթ էր, և նրան չպետք է խանգարի հայկական սփյուռքի բացասական վերաբերմունքը: Այդ մասին հայտարարել է Լոնդոնի Կոմիտասի ինստիտուտի տնօրեն պատմաբան Արա Սաֆարյանը: «Ես ողջունում եմ թուրքական կառավարությանը նրա համար, որ նա թույլ է տվել պատարագ անցկացնել: Երկու ժողովուրդները շատ չլուծված բարդ հարցեր ունեն: Կա չհաշտեցում երկու կողմերից: Առաջընթացի հասնելու համար մենք պետք է վերահսկենք գործընթացը»,- ասել է Սաֆարյանը Վանում «Աղթամար` հայկական միջնադարյան ճարտարապետության մարգարիտ» գրքի շնորհանդեսի ժամանակ, որը գրել է թուրք լրագրող Օսման Կոկերի հետ, գրում է Today’s Zaman-ը:
Իր հերթին, պրոֆեսոր Բասկին Օրանը, որը հայերի և թուրքերի հաշտեցման կողմնակից է, հայտարարել է, որ ժամերգությունը խորհրդանշում է ազգային պետության քանդում և ժողովրդավարական պետության կառուցում: «Սա կրոնի ազատության ճանաչում է: Թուրքիան գտնվում է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- ասել է Օրանը, որը «Հայեր, ներեք մեզ» ակցիայի նախաձեռնողն է:
«Այս եկեղեցին կարևոր պատմական նշանակություն ունի: Սա ճիշտ քայլ է ճիշտ ուղղությամբ»,- ասել է Անկարայում Գերմանիայի դեսպան Էքհարդ Կունցը, որը մասնակցել է պատարագին` հույս հայտնելով, որ հայ-թուրքական սահմանն ամեն դեպքում կբացվի:
Միաժամանակ, Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն հայտարարել է, որ քաղաքականությունը չպետք է խանգարի առևտրային հարաբերությունների զարգացմանը: Նա նաև նշել է, որ նախատեսում է հայկական ավիաընկերություններից մեկի հետ կազմակերպել Երևան-Վան ուղիղ չվերթներ: Քանդաշօղլուն հայտարարել է, որ սահմանի բացումից հետո Վանը կդառնա զբոսաշրջային կենտրոն: «Մեր օրակարգի առաջին կետը սահմանի բացումն է: Հետո տեղի կունենա բոլոր հուշարձանների վերականգնում, որոնք մեր տարածաշրջանում պատմական նշանակություն ունեն»: Ինչ վերաբերվում է գմբեթի խաչին, որն այդպես էլ չտեղադրվեց, Քանդաշօղլուն նշել է, որ նա կցանկանար, որ խաչն ավելի վաղ տեղադրվեր, որպեսզի երկու ժողովուրդների միջև վստահությունն ավելի շատ լիներ: