Շուրջ 60 պետություններ դիտարկում են ատոմային էներգիայի օգտագործման հարցը, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր խորհրդաժողովի բացմանը: «Մինչև 2030թ. շուրջ 25 երկրներ շահագործման կհանձնեն իրենց առաջին ԱԷԿ-ները»,-ասել է նա:
Համաժողովի աշխատանքներին մասնակցում է շուրջ 150 պետություն, այն կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը: Մասնակիցները կարծիքներ կփոխանակեն միջուկային ոլորտի անվտանգության, միջուկային թափոնների, միջուկային ահաբեկչության պաշտպանության վերաբերյալ:
Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունում, հայկական պատվիրակությունը գլխավորում է ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արեգ Գալստյանը, նրա կազմում են նաև ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ և ՀՀ կառավարությանը կից միջուկային անվտանգության կարգավորման պետկոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:
Սեպտեմբերի 21-22-ին սեպտեմբերին տեղի կունենա «Քաղցկեղը զարգացող երկրներում՝ մարտահրավերի առջև» գիտական համաժողովը, որին կմասնակցեն ճառագայթային ոլորտի առաջատար մասնագետներ:
Հայաստանը մտադիր է նոր ԱԷԿ կառուցել 1000 ՄՎտ հզորությամբ, այդ նախագիծը կարժենա մոտ 5 մլրդ դոլար: Շինարարական աշխատանքները կսկսվեն 2011 թվականին: