«Մայրական կաթին փոխարինող կերերի» ապրանքայի շուկայում տեղի է ունեցել գերիշխող դիրք գրավող սուբյեկտի փոփոխություն, հաղորդում է Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) մամլո ծառայությունը: Հանձնաժողովի կատարած ուսումնասիրության արդյունքների համաձայն, մանկական սննդի շուկայում այժմ գերիշխող են ճանաչվել «Ալեքս Գրիգ», «Սլավեքս», «Նյու Ֆորս» ընկերությունները, որոնք գրավում են շուկայի 90.77%-ը, նախկինում գրանցված «Հայր և որդի Երիցյաններ» ՍՊԸ –ի փոխարեն:
«Մանկական շիլաներ» ապրանքային շուկայում գերիշխող դիրքում են «Սլավեքս», «Նյու Ֆորս» և «Բեյբի Սիմ» ընկերությունները, որոնք գրավում են շուկայի 83.68%-ը:
«Մանկական խյուսեր (պյուրեներ)» ապրանքային շուկայում նախկինում միանձնյա գերիշխող դրիք գրավող «Ալեքս Գրիգ» ընկերությունն այսուհետ այդ հորիզոնականը կկիսի «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի հետ` միասին գրավելով շուկայի 99.53%-ը: «Մանկական հյութեր» շուկայում նույնպես գերիշխող են ճանաչվել վերոհիշյալ երկու ընկերությունները` գրավելով շուկայի 100 %ը: Նախկինում այս շուկայում գերիշխող դիրք էր գրավում «Սալեքս Գրուփ» ընկերությունը` 60.6%-ով: