Հայաստանում գործարկվել է էներգահամակարգում տվյալների հավաքագրման և կարգավարական կառավարման SCADA համակարգը

Հայաստանում գործարկվել է էներգահամակարգում տվյալների հավաքագրման և կարգավարական կառավարման SCADA համակարգը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 19-ինԵրևանում ներկա է գտնվել Հայաստանի էներգահամակարգում տվյալների հավաքագրման և կարգավարական կառավարման SCADA (Supervisory Control And Data Acquisition) համակարգի գործարկման արարողությանը:

Ինչպես ողջույնի խոսքում հաղորդել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ կառավարության և Միջազգային համագործակցության ճապոնական բանկի (JBIC) միջև (ներկայում` Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն) կնքված վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին 5 մլրդ 399 մլն ճապոնական իէն (մոտ 56 մլն դոլար) է հատկացվել SCADA-ի առաջին փուլի իրականացման նպատակով: «Սա էներգետիկայի ոլորտում Երևանի ՋԷԿ-ի վրա նոր ժամանակակից շոգեգազային կոմբինացված ցիկլի շինարարության ծրագրից հետո ծավալով 2-րդ ծրագիրն է, որն իրականացվում է Ճապոնիայի հետ համատեղ»,- նշել է նախարարը: Գլխավոր էներգետիկը ներկայացրել է SCADA-ի առաջին փուլի իրականացման մանրամասները` ներառյալ աշխատանքները 220 կՎ լարվածությամբ 14 ենթակայաններում ու 12 արտադրող կայաններում: «Բոլոր ենթակայաններն ու կայանները Կարգավորման ազգային կենտրոնին են միացված ԷՀԼ-ներով, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 450 կմ, ինչպես նաև 22 կմ ստորգետնյա օպտիկամանրաթելային մալուխով, որով տեղեկատվությունը բարձր արագությամբ և մեծ ճշգրտությամբ հաղորդվում է ԿԱԿ»,- ասել է նախարարը: Ընդ որում, Արմեն Մովսիսյանն ընդգծել է, որ SCADA-ի ներդրումը թույլ է տալիս ավելի արդյունավետ կերպով կառավարել ողջ էներգահամակարգը. համակարգի ռեժիմների, կայունության, կարճ միացումների ու այլ օպերացիաների հաշվարկներ կատարել օրական և տարեկան կտրվածքով, ինչպես նաև կանխատեսել բեռնվածությունն ու ԿԱԿ-ից իրականացնել առանձին օբյեկտներում տեղադրված էլեկտրական սարքավորումների դիստանցիոն կառավարումը:

SCADA համակարգի գործարկման արարողությանը մասնակցող Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասահարու Կոնոն իր հերթին ընդգծել է, որ այս նախագիծը հայ-ճապոնական բարեկամության և համագործակցության լավագույն օրինակներից մեկն է և մեծ նշանակություն ունի, քանի որ թույլ է տալիս հասնել էլեկտրականության կորուստների նվազեցման, ինչն իր հերթին կայունության կհանգեցնի երկրի էներգահամակարգում: «Մեր երկրների միջև երկար տարիներ լավ հարաբերություններ են առկա: Դրանք ամրապնդման համար մենք պատրաստ ենք այսուհետ ևս աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը միտված նախաձեռնություններին»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---