22 հոկտեմբերի 2010 - 14:01 AMT
«Ամերիա» խորհրդատվական ընկերությունը կաջակցի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներին

«Ամերիա» ՓԲԸ-ն իրականացնում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷՀ) կողմից վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում ներդրումների իրականացման գործարար ծրագրի մշակման և փաստաթղթերի փաթեթի պատրաստման ծրագիրը: Այն նպատակ ունի զարգացնելու Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտը` ապահովելով ՀՀ էներգետիկ անվտանգությունը: Ամերիայի կողմից իրականացվող աշխատանքային ծրագիրն ուղղված է ՀՎԷԷ հիմնադրամի ռազմավարական ծրագրի կազմման ու Հիմնադրամի ներքո Ունիվերսալ վարկային կազմակերպության ստեղծման, գրանցման և լիցենզավորման գործընթացի աջակցմանը:

Իրականացվող ծրագիրն իրենից ներկայացնում է բազմակողմանի և համալիր ծրագիր, որը ներառում է մի շարք գործողությունների խումբ, մասնավորապես` իրավական դաշտի ուսումնասիրություն, նորմատիվ փաստաթղթերի մշակում և նախապատրաստում, ներքին կանոնակարգերի, ուղեցույցների, հրահանգների և այլ փաստաթղթերի մշակում, բիզնես գործընթացների և դրանց նկարագրությունների, մարդկային ռեսուրսների կառավարման համար կիրառվող փաստաթղթերի, ռազմավարական փաստաթղթի, գործարար միջնաժամկետ ծրագրի մշակում: Ծրագիրը կենտրոնացնում է իր գործողությունները երեք հիմնական ուղղությունների վրա` քաղաքականության խորհրդատվություն, գործարար խորհրդատվություն, ինստիտուցիոնալ զարգացման օժանդակություն: Ծրագրի կարևորագույն նպատակներից մեկը նոր ստեղծվող Վարկային կազմակերպության կարողությունների զարգացումն է: Ծրագրի շրջանակներում կմշակվեն Վարկային կազմակերպության կառուցվածքը, ստորաբաժանումների գործառույթները, պարտականությունները և լիազորությունները, պաշտոնների նկարագրերը, գործունեության ապահովման ինստիտուցիոնալ հիշողության ապահովմանն ուղղված փաստաթղթերը:

Իրականացվող աշխատանքների կարևորագույն սկզբուքն այն է, որ ծրագրի շրջանակներում մշակված բոլոր փաստաթղթերը և ստեղծված արդյունքները լինելու են կիրառելի ամենօրյա աշխատանքում, և ծրագրի հաշվետվությունները պարունակելու են ոչ միայն առաջարկություններ, այլև ծառայելու են որպես ուղեցույց արդյունավետ գործունեության ապահովման համար: