1 նոյեմբերի 2010 - 16:09 AMT
Մամուլի և տեղեկատվական գործակալությունների ցուցահանդեսում գրեթե բոլոր պատվիրակությունները հայերի կողմից և ադրբեջանցիների դեմ էին

«Մենք Իրանում մամուլի և տեղեկատվական գործակալությունների միջազգային ցուցահանդես-փառատոնում հայկական և ադրբեջանական լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ բազմաթիվ հարցազրույցներ ենք տվել իրանական լրատվամիջոցներին: Սակայն ցավում եմ, որ ի տարբերություն ադրբեջանցիների ու թուրքերի, գրեթե ոչ մի հայկական ԶԼՄ չի անդրադարձել այս միջադեպին: Ես ցավում եմ նաև, որ շատ հայկական լրատվական գործակալություններ տեղեկատվությունը վերցրել են ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունից, որտեղ լրատվության հեղինակը հենց միջադեպի մեղավորն էր»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է հայկական «Ազգ» օրաթերթի թղթակից Հասմիկ Հարությունյանը, որը ներկայացնում էր Հայաստանը մամուլի և տեղեկատվական գործակալությունների միջազգային ցուցահանդես-փառատոնում: Այդ համատեքստում նա նկատել է, որ հայկական պատվիրակությունը ստացել է ցուցահանդեսին մասնակցող գրեթե բոլոր պատվիրակությունների, ինչպես նաև Իրանի հայ համայնքի աջակցությունը, բայց ոչ` հայկական ԶԼՄ-ների:

PanARMENIAN.Net-ի թղթակից Եկատերինա Պողոսյանն իր հերթին նշել է, որ հայկական ԶԼՄ-ների կողմից արձագանքը չափազանց ուշացած էր: Նա նկատել է, որ Հայաստանը տեղեկատվական պատերազմում զիջում է Ադրբեջանին, որովհետև ի տարբերություն Երևանի, Բաքվի լրատվամիջոցները համակարգված են աշխատում: «Հարցը մեզանում չէր, այդ իրադարձության լուսաբանումը բխում էր մեր երկրի շահերից և նպատակ ուներ պաշտպանել մեր պետական շահերը »,- նշել է Պողոսյանը:

PanARMENIAN.Net լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարինա Անանիկյանն իր հերթին հայկական լրատվամիջոցներին կոչ է արել փոխել իրենց մոտեցումն ու աշխատելաոճը, ինչպես նաև նման միջադեպերի ժամանակ չխուսափել իրենց աշխատակիցների մասին գրելուց: «Ցավոք, ադրբեջանական կողմը, ի տարբերություն մեզ, թիմային աշխատանք է կատարում, և մենք պարտություն ենք կրում տեղեկատվական պատերազմում, քանի որ յուրաքանչյուրը մտածում է իր սեփական, այլ ոչ թե մեր երկրի շահերի մասին»,- ընդգծել է նա:

Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 1-ը Թեհրանում կայացավ մամուլի և տեղեկատվական գործակալությունների 17-րդ միջազգային ցուցահանդես-փառատոնը, որտեղ Հայաստանը ներկայացնում էին PanARMENIAN.Net գործակալության և «Ազգ» օրաթերթի թղթակիցները:

Ցուցահանդեսում, Հայաստանը, ինչպես նաև այլ մասնակից երկրներ, ներկայացված է առանձին տաղավարով, որտեղ վահանակի վրա տեղադրվել էր Արցախի խորհրդանիշ «Մենք ենք` մեր սարերը» հուշարձանի լուսանկարը՝ որպես Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկը: Հայկական կողմի նման նախաձեռնությունն ակնհայտորեն ադրբեջանական պատվիրակության սրտով չի եղել: Այն ժամանակ, երբ PanARMENIAN.Net-ի և «Ազգ» օրաթերթի թղթակիցները պատրաստել են հայկական տաղավարի բացումը, ադրբեջանական խումբը հետևել է նրանց աշխատանքին: Այն բանից հետո, երբ վահանակին ամրացվել է Հայաստանի և ԼՂՀ-ի պետական քարտեզը, ադրբեջանցիները գազազել են: Սկզբից նրանք իրանական կողմից պահանջել են հանել քարտեզը և հայկական հուշարձանի լուսանկարը, բայց, չսպասելով կազմակերպիչների կողմից ինչ-որ որոշում ընդունելուն, ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը ներխուժել է հայկական տաղավար, պոկել Հայաստանի քարտեզը և փորձել պատռել այն:

Հոկտեմբերի 26-ի առավոտյան PanARMENIAN.Net գործակալության և «Ազգ» օրաթերթի թղթակիցները, մոտենալով հայկական տաղավարին, հայտնաբերել են, որ «Մենք ենք` մեր սարերը» խորհրդանիշ-հուշարձանի լուսանկարը նույնպես հեռացվել է վահանակից: Հաջորդ օրերի ընթացքում ցուցահանդես-փառատոնի կազմակերպիչները որևէ քայլեր չձեռնարկեցին, որպեսզի լուսանկարը վահանակին վերադարձնեն:

Հոկտեմբերի 28-ի առավոտյան PanARMENIAN.Net գործակալության և «Ազգ» օրաթերթի թղթակիցները որոշում ընդունեցին ցուցահանդեսը բոյկոտելու մասին: «Քանի որ իրանական կողմը չկատարեց իր խոստումը և «Մենք ենք` մեր սարերը» խորհրդանիշ-հուշարձանի լուսանկարը չվերադարձրեց վահանակին, դրա փոխարեն փակցնելով Երևանի Հանրապետության Հրապարակի երգող շատրվանների լուսանկարը, մենք սկսում ենք ցուցահանդեսի բոյկոտը: Հայաստանի պատվիրակությունը հայտարարության տեքստը կտարածի ֆորումի բոլոր մասնակիցների միջև»,- ասել է Եկատերինա Պողոսյանը:

Հայտարությունում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի գործընկերներ, մենք` մամուլի և տեղեկատվական գործակալությունների ցուցահանդես-փառատոնում Հայաստանը ներկայացնող PanARMENIAN.Net գործակալության և «Ազգ» օրաթերթի թղթակիցներս, ներողություն ենք խնդրում, որ չենք կարող շարունակել մեր մասնակցությունը ցուցահանդեսին նրա անբավարար կազմակերպվածության պատճառով: Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ հենց մամուլի ցուցահանդեսում է ոտնահարվում ԶԼՄ-ների ազատությունը, մասնավորապես, առանց պատճառների սահմանափակումներ են դրվում մեր երկիրը ներկայացնող նյութերի վրա: Մենք մեր վրդովմունքն ենք հայտնում այն փաստի առնչությամբ, որ կազմակերպիչները խոչընդոտում են «Մենք ենք՝ մեր սարերը» հայկական հուշարձանի լուսանկարը հայկական տաղավարի վահանակին փակցնելուն: Այսպիսով, կազմակերպիչները տեղի են տալիս ադրբեջանական պատվիրակության սադրանքին, որն առիթը բաց չի թողնում ցուցահանդեսը հակահայկական քարոզչության համար օգտագործելու և բնիկ հայկական տարածքի` Արցախի նկատմամբ անհիմն նկրտումներ առաջադրելու համար: Քանի որ կազմակերպիչները չեն կատարել իրենց խոստումը «Մենք ենք՝ մեր սարերը» հուշարձանի լուսանկարը հայկական տաղավարի վահանակին կրկին փակցնելու մասին, մենք հնարավոր չենք համարում հայկական կողմի հետագա մասնակցությունն այս միջոցառմանը»:

Ցուցահանդեսին վերադառնաու խնդրանքը մերժելուց հետո ցուցահանդեսի կազմակերպիչները հայտարարել են, որ այլևս մտադիր չեն վճարել Իրանում հայ լրագրողների կեցության համար և նախազգուշացրել են, որ նրանք պետք է ազատեն հյուրանոցը: Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանի աջակցության շնորհիվ հայ լրագրողները Երևան են վերադարձել հոկտեմբերի 30-ի գիշերը` նախատեսված ժամկետից մի քանի օր առաջ: