29 հունիսի 2001 - 19:52 AMT
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 20 ՄԼՆ ԴՈԼԱՐ Է ՆԵՐԴՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
. Մինչ 2005թ. ամերիկյան «Eygi Labs» ընկերությունը ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման նպատակով Հայաստանին կտրամադրի 20 մլն դոլար: Այս մասին «Առկա» գործակալությանը տրված հարցազրույցում հայտարարել է ընկերության փոխտնօրեն Հարություն Աքիլյանը: Նրա խոսքերով, տվյալ նախագծի իրականացումն արդեն սկսվել է եւ նախատեսում է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում 500 աշխատատեղերի ստեղծում: Այսօրվա դրությամբ ընկերությունը արդեն ստեղծել է 700-800 դոլար աշխատավարձով 140 աշխատատեղ: Հ.Աքիլյանի խոսքերով, ներդրված միջոցները կուղղվեն 1000 համակարգիչ ունեցող եւ անվճար ծառայություններ մատուցող Ինտերնետ-կենտրոնի կառուցմանը, ինչպես նաեւ ծրագրավորման եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում մասնագետների պատրաստման տեխնոլոգիաների ներմուծմանը եւ կիրառմանը: Հ.Աքիլյանը նշեց, որ Ինտերնետ-կենտրոնի համար Հայաստանի կառավարությունը հատկացրել է 22,5 հա տարածք: