«Այն խնդիրները, որոնք այսօր ունեն հաշմանդամություն ունեցող մարդիկ, պետք է լուծվեն պետության, հասարակության և յուրաքանչյուր մարդու կողմից, այսինքն` համատեղ ջանքերով»,- նոյեմբերի 15-ին մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը:
Նա նշել է, որ չնայած ճգնաժամին, Հայաստանում հաշմանդամների ինտեգրմանն աջակցող ոչ մի ծրագիր չեղյալ չի համարվի: Բժշկական-սոցիալական վերականգնման ծրագրին 2010-ի բյուջեով հատկացվել է 1.060 դրամ: «Այդ թիվն անփոփոխ կմնա»,- հայտնել է փոխնախարարը:
Հաշմանդամների խնդիրների հետ կապված` նա նշել է, որ տվյալ պահին Հայաստանի շենքերը և մայթերը գրեթե հարմարեցված չեն նրանց կարիքների համար: «Հաշմանդամություն ունեցող մարդը կարող է երկրորդ հաշմանդամությունը ստանալ, եթե օգտվում է նորակառույցների թեք հարթակներից»,- նշել է փոխնախարարը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն, Հայաստանում այսօր գրանցված է հաշմանդամություն ունեցող շուրջ 180 հազար մարդ: