Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 17-ին` Ուսանողների միջազգային օրը, հանդիպեց Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ուսանողների հետ: Ինչպես նշվում է ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, վարչապետը շնորհավորեց ուսանողներին`մաղթելով հաջողություններ և ամենայն բարիք։ Ելույթ ունենալով Պոլիտեխնիկում` ՀՀ կառավարության ղեկավարն առանձնացրեց երեք հիմնական խնդիրներ, որոնք ծառացած են ապագա մասնագետների առջև: ։ Առաջին հերթին Տիգրան Սարգսյանը նշեց այն մարդկանց դերը, ովքեր գիտելիքներ կրողներն են, հակառակ դեպքում «մենք չենք կարողանա հավակնել լինել մրցունակ ազգ»:
«Երկրորդ խնդիրն այն է, որ պետք է հասկանանք, թե ինչը կարող է լինել մեր հաջողության գաղտնիքը։ Եվ այստեղ չափազանց կարևոր է թե ինչպես եք դուք վերաբերվում ձեր պարտականություններին»,- ասաց ՀՀ վարչապետը: Այդ համատեքստում նա նշեց ուսումնական հաստատությունում ժամանակի արդյունավետ օգտագործումը, քանի որ բացթողումները լրջագույն կորուստ են ինչպես ուսանողի, այնպես էլ երկրի համար: «Որովհետև 21-րդ դարում պետության հիմնական ռեսուրսը ինտելեկտուալ ռեսուրսն է, այլ ոչ թե հանքահումքային պաշարները»,- ընդգծել է նա: Տիգրան Սարգսյանն ավելացրել է, որ ժամանակակից պետությունների ներքին համախառն արդյունքի մեջ գիտատար ոլորտները, գիտելիքը արդեն իսկ զբաղեցնում են մեծ տեսակարար կշիռ, և ապրարքների ու ծառայությունների արտադրությունը իրենց տեղը զիջում է գիտելիքի արտադրությանը։
Երրորդ խնդիրը, վարչապետի կարծիքով, կայանում է նրանում, թե ինչ պատկերացումներ ունի ուսանողությունը երկրի ապագայի մասին։ «Ինչպիսին կլինի այսօրվա երիտասարդությունը, այնպիսին լինելու է մեր պետության, մեր երկրի ապագան։ Ընդամենը 20-30 տարի հետո դուք պետք է ամբողջությամբ կիրառեք ձեր գիտելիքները, տիրապետեք իշխանական լծակներին և ձեր գիտելիքներով, ձեր արժեքներով առաջ տանեք մեր պետությունը»,- ասաց նա: Ընդ որում, վարչապետն ընդգծեց, որ կարևորում է, թե ինչ խնդիրներով են մտահոգված ուսանողները, ինչ խնդիրներ են առաջադրելու, որոնք են նրանց կարծիքով չլուծված հարցերը, որ պետք է գտնվեն կառավարության ուշադրության կենտրոնում: