1 դեկտեմբերի 2010 - 18:02 AMT
Ամերիաբանկի թիմն առցանց համաշխարհային մրցույթում դուրս է եկել եզրափակիչ փուլ

Ամերիաբանկի ակտիվների և պարտավորությունների կառավարման թիմը ֆինանսավարկային կազմակերպությունների միջև անցկացվող ակտիվների և պարտավորությունների կառավարման առցանց համաշխարհային մրցույթում /virtual Banking/ դուրս է եկել եզրափակիչ փուլ: Չորրորդ տարին անընդմեջ կազմակերպվող այդ մրցույթն ունի միջազգային լայն ճանաչում:

Մրցույթը կազմակերպվել է SimArc NV ընկերության կողմից, ֆինանսաբանկային ուսումնական պորտալի շրջանակներում և ֆինանսավորվել է FMO-ի` Նիդերլանդների միջազգային զարգացման բանկի, DEG-ի` KfW Bankengruppe-ի (KfW բանկային խումբ) անդամի և PROPARCO ֆինանսների զարգացման ֆրանսիական գործակալության կողմից:

Մրցույթը վերաբերում է ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև ռիսկերի կառավարման, կազմակերպության ռազմավարության և բաժնետերերի ներդրումների արդյունավետ կառավարման խնդիրներին: Այն նպատակ ունի նպաստել ֆինանսաբանկային ոլորտի գիտելիքների զարգացմանն ու պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը, այլընտրանքային և նորարարական գիտելիքների փոխանցմանը, միջազգային փորձի փոխանակմանը, ֆինանսական հաստատությունների ռիսկերի կառավարման ուժեղացմանն ու զարգացմանը:

SimArc NV ընկերությունը ֆինանսավարկային հատվածում ներկայացնում է նոր և առաջատար մոտեցումներ` ստեղծելով ֆինանսավարկային կազմակերպությունների համար կրթական մեծ հնարավորություններ: Մի շարք հայտնի կազմակերպություններ /ABN AMRO Bank, ING Bank, FirstRand Bank, Dexia Bank/ պրակտիկ ուսուցում են ստացել SimArc NV ընկերության կողմից: Մրցույթին մասնակցել է 24 երկրից 28 ֆինանսավարկային կազմակերպություն, այդ թվում` 6 կազմակերպություն ԱՊՀ երկրներից: Մրցույթը, որ տևել է 2.5 ամիս, ընդգրկում է 6 փուլ: Եզրափակիչ փուլ են դուրս եկել 6 կազմակերպություն` Ամերիաբանկ /Հայաստան/, Lanka ORIX /Շրի Լանկա/, FINCA TEAM 2 /Ռուսաստան- Կիրգիզիա/, Eastern Bank /Բանգլադեշ/, ProCredit Bank /Բուլղարիա/, Fidelity Bank /Գանա/:

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունենալու Փարիզում, 2011թ. հունվարի 19-21-ը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: