«Օտարալեզու դպրոցները նպաստելու են երկրում օտարալեզու վերնախավի ստեղծմանը, որի արդյունքում հայերենը զիջելու է իր դիրքերը և մղվելու ետին պլան` երկրում դառնալով երկրորդական լեզու»,- դեկտեմբերի 23-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնող խմբի անդամ Արամ Ապատյանը:
Նրա խոսքերով, կրթության ճիշտ համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ է այն կառուցել մայրենի լեզվի վրա: «Եթե քայլեր չձեռնարկվեն, Հայաստանում իրավիճակը կսկսի հիշեցնել Լիբանանի իրավիճակը` արաբական լեզուն մղվել է երկրորդ պլան, իսկ օտարալեզու դպրոցները չեն ապահովում բնակչության գրագիտությունը»,- ասել է Ապատյանը:
Իր հերթին, տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը նշել է, որ աղետալի ոչինչ չի տեսնում օտարալեզու դպրոցների բացման մեջ: «Ես մեր երկրի համար կործանարար չեմ համարում այդ օրինագծի ընդունումը»,- ասել է նա:
Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 22-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է «Լեզվի մասին» և «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծերը, որոնք ենթադրում են երկրում օտարալեզու դպրոցների բացում: 90-ականների սկզբին իշխանությունների նախաձեռնությամբ օրենսդրական արգելք էր դրվել Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցման վրա: Փակվեցին գրեթե բոլոր ռուսական դպրոցները: Հիմա ենթադրվում է երկու մասնավոր օտարալեզու դպրոցների և իննը դպրոցների բացում, որոնք ստեղծվելու են միջպետական պայմանագրերի հիման վրա: Խոսքը գնում է ոչ միայն ռուսական, այլ նաև անգլիական և ֆրանսիական դպրոցների մասին:
Օրինագծերի քննարկումն ուղեկցվել է բողոքի ակցիաներով: