27 դեկտեմբերի 2010 - 13:32 AMT
Հայկ Դեմոյան. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը ձախողեց Թուրքիան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն արդեն ավարտվել է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքով` Ցյուրիխում ստորագրված Արձանագրություններն իրենց սպառել են, և եթե գործընթացը վերսկսվի, ապա այն չի կարող շարունակվել հին արձանագրությունների հիման վրա: Գործընթացի վերսկսման համար նոր փաստաթուղթ է անհրաժեշտ:

«Շատ կարևոր է հասկանալ, որ գործընթացը ձախողվեց Թուրքիայի նախաձեռնությամբ: Ստորագրելով Արձանագրությունները` Անկարան ղարաբաղյան կարգավորման մեջ առաջընթացի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դադարեցման և հայ-թուրքական ներկայիս սահմանի արձանագրման տեսքով բոնուսներ էր ակնկալում: Սակայն ոչինչ չստանալով` Թուրքիան չվավերացրեց Արձանագրությունները»,- ընդգծեց Դեմոյանը: Դրա հետ մեկտեղ նա նշեց, որ Հայաստանը հստակ հասկացրեց, որ հայ-թուրքական հարաբերություններում կամ ցանկացած այլ հարցում որևէ զիջումների չի գնա: