Փետրվարի 2-ին Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպումներ ունեցավ Իտալիայի խորհրդարանում գործող Անվտանգության հարցերով կոմիտեի (COPASIR) նախագահ, երկրի նախկին վարչապետ ու արտգործանախարար Մասսիմո Դ'Ալեմայի, ինչպես նաև Իտալիայի Սենատի փոխնախագահ Վաննինո Կիտիի հետ:
Մասսիմո Դ'Ալեմայի հետ դեսպան Կարապետյանը քննարկեց հայ-իտալական հարաբերությունների, տարածաշրջանային ու միջազգային զարգացումների, Հարավային Կովկասում Իտալիայի արտաքին քաղաքականության, ինչպես նաև եվրոպական կառույցներում Իտալիայի ներկայացուցիչների հետ համագործակցության հետ կապված մի շարք հարցեր:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ԼՂ հակամարտության կարգավորման ու հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործընթացներին:
Իտալիայի Սենատի փոխնախագահ Վաննինո Կիտիի հետ հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվեց հայ-իտալական խորհրդարանական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունն ու Սենատում երկու ժողովուրդների պատմական բացառիկ կապերը լուսաբանող տարբեր միջոցառումների կազմակերպման կարևորությունը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդլայնել Իտալիայի խորհրդարանում գործող հայ-իտալական բարեկամության խումբը, իրականացնել փոխայցելություններ և բարձրացնել իտալացի օրենսդիրների շրջանում տեղեկացվածության մակարդակը Հայաստանի և ԼՂՀ-ի վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: