«Մենք բոլորս պետք է հիշենք, որ քաղցկեղը չի բուժվում, բայց այն կարելի է կանխել: Միայն մամոգրաֆիան է ընդունակ բացահայտել չարորակ ուռուցքը բջջային մակարդակում»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Նա նշել է, որ կենտրոնում մամոգարֆիկ հետազոտության արժեքը 11 000 դրամ է, իսկ արգանդի վզիկի հետազոտությունը` 4 հազար, բայց գոյություն ունի նաև անվճար համակարգ հաշմանդամների, բազմազավակ մայրերի համար և այլն: Հակոբյանը նաև կոչ է անում չմոռանալ այն մասին, որ չարորակ ուռուցքը կարելի է զգալ միայն հիվանդության 3-րդ աստիճանում:
«Քաղցկեղն իրեն զգացնել է տալիս միայն 3-րդ աստիճանում, մինչ այդ հիվանդությունը ոչ մի կերպ չի դրսևորվում, ուստի հետազոտություններն անհրաժեշտ են: Մեր կենտրոնն օրական սպասարկում է 80-100 այցելու, զննումների 30-40 տոկոսը կրում է պրոֆիլակտիկ բնույթ, ինչը մենք համարում ենք մեր ամենամեծ ձեռքբերումը, քանի որ նման զննումների արդյունքում հաջողվել է փրկել 2800 կյանք»,- ասել է Հակոբյանը:
Կենտրոնի գոյության 13 տարիների ընթացքում անցկացվել է ավելի քան 213.699 գինեկոլոգիական զննություն: Ամեն տարի կենտրոնում հետազոտվում է ավելի քան 20 000 կին: Բացման օրից մինչև հիմա անցկացվել է կրծքագեղձի 127.270 զննություն:Շուրջ 6500 այցելուների մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի չարորակ ուռուցք: Կենտրոնում հետազոտություն է անցել 415 տղամարդ, որոնցից 18-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ: Կենտրոնում գինեկոլոգիական զննության է ենթարկվել 29 153 կին, 43-ի մոտ հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղ, 131-ի մոտ` նախաքաղցկեղային վիճակ: