7 փետրվարի 2011 - 11:59 AMT
Օլեգ Եսայան. Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում չի փոխվել

«Եթե ես լինեի ցանկացած այլ երկրում, ես ամեն կերպ, ինչպես ցանկացած դեսպան իմ տեղում, կաշխատեի շարադրել ու հաստատել մեր կողմի դիրքորոշումը, սակայն սեփական տանը դա չեմ անի: Ասում եմ այն, ինչ կա. Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում չի փոխվել»,-հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը Մոսկվայի հայկական կազմակերպությունների համաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի հետ բանակցությունների հիմք հանդիսացող Մադրիդյան սկզբունքներից մեկը ազգերի ինքնորոշման իրավունքի մասին է: «Երկու կողմերն էլ համաձայն են դրան: Հայաստանը շահագրգռված է, որ հակամարտությունը կարգավորվի, որի պարտադիր պայմաններից մեկը ղարաբաղյան կողմի մասնակցությունն է:

Առանձին պետության առջև ծառացած ցանկացած խնդիր լուծելու համար անհրաժեշտ է մարդկանց համախմբում: Ադրբեջանի համար, ցավոք, նման միավորող ազգային գաղափար դարձան հակահայկական տրամադրությունները»,-ասել է Եսայանը: Ըստ նրա, Հայաստանը պետք է պարզաբանի իր դիրքորոշումը, ավելի կուռ դարձնի համախմբումը: Նա նշել է, որ խոսքը դիմակայության մասին չէ, ոչ էլ այդ դիմակայությունը Ռուսաստան տեղափոխելու: «Մեզ բոլորիս հարկավոր է հզոր, ծաղկած և ուժեղ Հայաստան: Որտեղ էլ մենք ապրենք, մենք պետք է երեսով դառնանք դեպի մեր երկիրը: Դա յուրաքանչյուրի խնդիրն է, առանձին վերցրած յուրաքանչյուր հայի խնդիրը»,-ասել է Օլեգ Եսայանը: