Արտավազդ Վանյան. Հայաստանում բոտուլիզմի դեպքերը նվազում են

PanARMENIAN.Net - «Հայաստանում արձանագրվել է բոտուլիզմի 4 դեպք (Երևան, Շիրակի և Արարատի մարզեր), որի արդյունքում տուժել է 8 մարդ»,- Երևանում մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը:

Նրա խոսքերով, 2010-ին արձանագրվել է բոտուլիզմի հետևանքով մահվան 1 դեպք:

«Բոտուլիզմով վարակված ուտելիքն օգտագործելու դեպքում 10 հոգուց կարող է տուժել 1-2 մարդ: Սակայն պետք է նշել է, որ մեր նախազգուշացումներն ազդեցություն են ունեցել, որի հետևանքով, եթե 2005-2006թթ. արձանագրվել է բոտուլիզմի 30-35 դեպք, ապա հիմա այդ թիվը հասել է 10-15-ի»,- ասել է Վանյանը:

Նա նշել է, որ բոտուլիզմից խուսափելու համար պետք է խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոներից: Անհրաժեշտության դեպքում պահածոները պետք է ջերմային մշակման ենթարկել` եռացնելով 20-25 րոպե: Պետք չէ գնել նաև տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից:

Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է: Հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ, սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցիչի զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում են և արտադրում թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցիչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում, բարձր ճնշման և ջերմության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում հնարավոր չէ իրականացնել: Բոտուլիզմով ախտահարված սնունդը չի փոխում իր համը, գույնը և տեսքը:

Հիվանդության ախտանշաններն են` սրտխառնոց, փսխում, փորլուծություն, որովայնի շրջանում ցավեր, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, շնչահեղձություն, տեսողության խանգարում, ձայնի փոփոխություն, կլման ակտի խանգարում, բերանի չորություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---