2011-ին կհրատարակվի «Գեորգի Գարանյանի ստեղծագործությունների և գործիքավորումների նոտագրությունը»

2011-ին կհրատարակվի «Գեորգի Գարանյանի ստեղծագործությունների և գործիքավորումների նոտագրությունը»

PanARMENIAN.Net - 2011-ին հրատարակվելու է «Գեորգի Գարանյանի ստեղծագործությունների և գործիքավորումների նոտագրությունը», որի մեջ մտնելու են լեգենդար երաժշտի ստեղծագործությունների ժողովածուն և նվագախմբի համար նոտաների ողջ կոմպլեկտը: Ինչպես հայտնում է Գեորգի Գարանյանի հիմնադրամի մամլո ծառայությունը, «Ստեղծագործությունների նոտագրության» առաջին թողարկման մեջ հրապարակվելու է հայտնի «Բալլադը»: Հրատարակիչները նոտաները միավորելու են մի քանի շարքի մեջ` «Գեորգի Գարանյանի երաժշտությունը», «Դասական ջազը Գեորգի Գարանյանի գործիքավորումներում», «Դասական երաժշտությունը ջազային մշակմամբ», «Ջազ ռուսական ձևով»:

Ավելի վաղ Գեորգի Գարանյանի հիմնադրամը որոշում է ընդունել «Էստրադային և ջազային գործիքավորման հիմունքները» դասագրքի մի քանի նմուշ հանձնել Կրասնոդարի Ռիմսկի-Կորսակովի անվան երաժշտական քոլեջի գրադարանային հիմնադրամին: Դասագիրքը նմանը չունի ոչ Ռուսաստանում, ոչ արտասահմանի երկրներում:

Գեորգի Գարանյան

Գեորգի Գարանյանը Ռուսաստանի ժողովրդական արտիստ է, ՌԴ Պետական մրցանակի դափնեկիր, միջազգային ջազային փառատոների դափնեկիր: Նա ճանաչման էր հասել նաեւ որպես Օլեգ Լունդստրեմի անվան Պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր:

Գերոգի Գարանյանը ներկայացնում է ռուսական ջազի հետպատերազմյան առաջին սերունդը: 1958թ. Գարանյանի սաքսոֆոնը հնչեց Օ.Լունդստրեմի նվագախմբում, իսկ հետո, 1966թ.` Համամիութենական ռադիոյի էստրադային նվագախմբում, որի ղեկավարն է Վադիմ Լյուդվիկովսկին: 1960-ականների կեսին ժամանակակից ոճով ջազային պիեսները, որ հնչում էին Համամիութենական ռադիոյով, լայն ճանաչում բերեցին Գարանյանին եւ նրա հետ հանդես եկող երաժիշտներին:

1973թ. Պետհեռուստառադիոյի նախկին նվագախմբի բազմաթիվ երաժիշտների հրավիրեցին աշխատանքի ձայնագրման «Մելոդիա» ֆիրմա: Գ.Գարանյանը դարձավ նույնանուն նվագախմբի ղեկավարը: Այն ժամանակ էլ ծնվեց այն աստեղային կազմը, որ նույն փայլով նվագակցում էր երգիչներին, ձայնագրում էր պարային երաժշտություն եւ ջազային կոմպոզիցիաներ` սվինգից մինչեւ ջազ-ռոք: «Մելոդիան» հնչում էր նաեւ կինոյում, քանի որ, ինքը` ռուսական ջազի վարպետը, երաժշտություն է գրել շուրջ 40 ֆիլմերի համար, այդ թվում նաեւ հանրահայտ «Պոկրովի դարպասները» ֆիլմի համար:

Աշխարհի լավագույն դիրիժորներից մեկի` Գենադի Ռոժդենստվենսկու հրավերով, «Մելոդիա» նվագախումբն ու Գեորգի Գարանյանը (որպես մենակատար-իմպրովիզատոր) մասնակցել են Ալֆրեդ Շնիտկեի առաջին սիմֆոնիայի պրեմիերային:

1991թ. Գարանյանն իրականացրեց իր վաղեմի երազանքը եւ ստեղծեց Մոսկվայի բիգ-բենդը, որտեղ հրավիրվեցին երկրի ամենամեծ ջազմեններն ու պրոֆեսիոնալները: Մասնագետներն ու շարքային հանդիսատեսները բազմիցս են նշել այդ նվագախմբի եզակի հնչողությունը, նրա ղեկավարությամբ արված հիանալի հնչունավորումը:

Սակայն, ինչպես խոստովանել է ինքը Գարանյանը, նա իր ամենամեծ նվաճումն էր համարում հնչունավորման դասագիրքը: Երկրի բոլոր ուսումնական հաստատություններում այդ դասագրքով սովորում են ոչ միայն ուսանողները, այլ նաեւ դասավանդողները: Ասում են, որ դասագիրքն այնպես է գրված, որ նույնիսկ երաժշիտ չլինելով, կարելի է հասկանալ, թե ինչպես նվագել:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---