Փետրվարի 12-ի երեկոյան ՀՅԴ երիտասարդական թևի 50 ակտիվիստներ ակցիա են անցկացրել Բեյրութում անցնող թուրքական տեքստիլ ապրանքների ցուցահանդեսում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Բեյրութում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը, ակտիվիստները բուկլետներ են բաժանել, որտեղ անգլերեն և արաբերեն լեզուներով պատմվում է 1915-23թթ. Թուրքիայի հանցագործությունների մասին:
«Ի պատասխան թուրքերը հարձակվել են հայերի վրա, ծեծկռտուք է առաջացել, սակայն, ոչ ոք չի տուժել: Հայերը կոչ են անում նաև չգնել թուրքական ապրանքները, այլ նախապատվությունը տալ Լիբանանի արտադրանքին»,-ասել է նա:
Քանդահարյանն ընդգծել է նաև, որ Թուրքիան իրավունք չունի միջամտելու Լիբանանի ներքին գործերին: «Թուրքիայի ակտիվացումը Լիբանանում և ողջ Մերձավոր Արևելքում հակահայկական ակցիաների պատճառ կդառնա, գտնում են Լիբանանում»,-ասել է նա: