«Սինոփսիսի» համար Հայաստանը վայր է, որտեղ մշակվում են ընկերության ուսումնական ծրագրերը

«Սինոփսիսի» համար Հայաստանը վայր է, որտեղ մշակվում են ընկերության ուսումնական ծրագրերը

PanARMENIAN.Net - 2011-ի փետրվարի 25-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) Կառավարման Խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանի, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի աշխատանքային այցը «Սինոփսիս Արմենիա»: Հյուրերն այցելեցին «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտում տեղակայված ՀՊՃՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆակուլտետային ամբիոն, հանդիպեցին ուսանողներին, ինչպես նաև շրջայց կատարեցին ընկերության գիտաարտադրական կենտրոնում:

Տնօրեն Հովիկ Մուսայելյանը ներկայացրեց ընկերության գործունեությունն ու ձեռքբերումները, իսկ ՀՊՃՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի վարիչ, կրթական ծրագրերի հեղինակ Վազգեն Մելիքյանը ծանոթացրեց ՀՊՃՀ-ի հետ բեղմնավոր համագործակցության արդյունքներին:

«Մենք ներկայացնում ենք 21-րդ դարի գլոբալ բուհական կրթությունը: Ընկերության համար Հայաստանը կարևոր է ոչ միայն որպես տարածաշրջանային կենտրոն, այլ նաև վայր է, որտեղ մշակվում են Սինոփսիսի ուսումնական ծրագրերը, որոնք կիրառվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հնդկաստանում, արաբական երկրներում և Չինաստանում»,- ասել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ընկերությունը ոչ միայն բիզնեսի և կրթության հաջող համագործակցության օրինակ է, այլ նաև ձևավորում է բիզնես ոլորտի մշակույթ: «Սինոփսիս Արմենիան» օրինակ է, թե ինչպես կարող է ընկերությունն ինքնուրույն կադրեր ձևավորել: Ընկերությունը կարևոր է նաև որպես միջբուհական ծրագրեր մշակող»,- նշել է Աշոտյանը: Տվյալ պահին ընկերությունում սովորում է 220 մարդ` հիմնականում ՀՊՃՀ ուսանողներ: Ծրագրի շրջանավարտների մեծ մասը դառնում են «Սինոփսիսի» աշխատակիցներ:

Սինոփսիսը կիսահաղորդիչների էլեկտրոնային ավտոմատացված նախագծման ոլորտի համաշխարհային առաջատարն է: Ընկերությունն էլեկտրոնիկայի գլոբալ շուկային տրամադրում է տեխնոլոգիական համակարգերի, կիսահաղորդիչների նախագծման և ստուգման հենքեր, ինտեգրալ սխեմաների արտադրության և արտադրողականության բարձրացման նորագույն լուծումներ, կիսահաղորդչային մտավոր սեփականություն և նախագծման ծառայություններ: Այն սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2004 թ.-ին, ՀՀ Կառավարության կողմից տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) երկրի զարգացման գերակա ուղղություն հռչակելուց անմիջապես հետո: Ժամանակի ընթացքում Սինոփսիս Արմենիա փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ) դարձել է ընկերության խոշորագույն ստորաբաժանումներից մեկը, որը գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներ է իրականացնում էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA), արտադրության համար նախագծման և մտավոր սեփականության (IP) մշակման ոլորտներում: Ներկայումս ընկերությունում աշխատում են մի քանի հարյուր որակյալ ճարտարագետներ, և ընկերությունը ՏՏ ոլորտում խոշորագույն գործատուներից մեկն է:

«Սինոփսիս-Արմենիա» ՓԲԸ-ն գտնվում է Երևանում: «Սինոփսիսի» գլխամասային գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի Մաունթին Վյու քաղաքում: Ընկերությունն ունի ավելի քան 70 գրասենյակ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում, Ասիայում և Հնդկաստանում:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---