3 մարտի 2011 - 13:26 AMT
«Ժառանգությունը» կոչ է անում պատժել ոստիկաններին, որոնք Երևանում ցրել են խաղաղ ցույցը

Այսօր առավոտյան Հայաստանի կառավարության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի հետ կապված` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն ընդունել է «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին:

Հիշեցնենք, որ առավոտյան Երևանում տեղի է ունեցել ծեծկռտուք բացօթյա առևտրով զբաղվող մարդկանց, պատգամավորների և ոստիկանների միջև: Բացօթյա առևտրով զբաղվող մարդիկ, որոնք արդեն մի քանի շաբաթ բողոքում են փողոցային առևտուրն արգելելու մասին Երևանի քաղաքապետարանի որոշման դեմ, նախատեսել են այսօր ժամը 11:00-ին բողոքի ակցիա անցկացնել Հայաստանի կառավարության շենքի մոտ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դեպքի վայրից, առավոտյան կառավարության շենքը շրջապատվել է հարյուրավոր ոստիկանների կողմից, որոնք թույլ չեն տվել ակցիայի մասնակիցներին խմբվել կառավարության շենքի մոտ:

Կառավարության աշխատակազմի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Սաֆարյանը կոչ է արել պատժել ոստիկանության այն աշխատողներին, որոնք ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների և պատգամավորների նկատմամբ: Սաֆարյանը պահանջել է ոստիկանության կայքում առանց մոնտաժի տեղադրել տեսանյութը, որտեղ ցուցադրվելու է կառավարության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպը: