29 մարտի 2011 - 14:36 AMT
Բակո Սահակյանը կարևորում է պարենային անվտանգության ապահովումը Արցախում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ մարտի 29-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում էին պարենային անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների ու իրականացվելիք միջոցառումների եւ 2011թ. փետրվարի 14-ից 18-ը Արցախի Հանրապետության զինված ուժերի եւ ուժային կառույցների համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացման արդյունքների մասին հարցերը:

Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության ղեկավարի մամլո ծառայությունը, պարենային անվտանգության ապահովման շուրջ զեկույցով հանդես է եկել վարչապետ Արա Հարությունյանը: Ելույթներ են ունեցել գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը, տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Վահրամ Բաղդասարյանը:

Հաշվի առնելով պարենային անվտանգության ռազմավարական կարեւոր նշանակությունը մեր երկրի համար՝ Բակո Սահակյանը նշել է, որ չնայած այդ ուղղությամբ տարվում է բավականին աշխատանք, սակայն դեռեւս կան էական խնդիրներ, որոնք պահանջում են շուտափույթ եւ համալիր լուծում:

Նախագահը կառավարությանը հանձնարարել է մշակել պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների ծրագիր եւ պարբերաբար զեկուցել նրա իրականացման ընթացքի մասին:

Օրակարգի երկրորդ հարցի շուրջ զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Այնուհետեւ ելույթներ են ունեցել ուժային կառույցների ղեկավարները:

Երկրի ղեկավարը կառավարությանը եւ զորավարժությունների անցկացման գործում ներգրավված համապատասխան մարմիններին հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ եւ պարբերաբար զեկուցել տարվող աշխատանքների մասին: