9 ապրիլի 2011 - 18:06 AMT
«Միկան» ու «Գանձասարը» Հայաստանի առաջնության 4-րդ տուրում 8-ական միավոր հավաքեցին

Ապրիլի 9-ին մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի առաջնության 4-րդ տուրը: «Միկան» իր մարզադաշտում ընդունեց «Իմպուլսին»: Արդեն 14-րդ րոպեին հաշիվը բացեցին երևանյան թիմի ֆուտբոլիստները. Նարեկ Բեգլարյանի փոխանցումից հետո Կոնստանտին Մանդրիչենկոն մեծ հեռավորությունից գնդակն ուղարկեց Գևորգ Պրազյանի դարպասը: Սակայն 20 րոպե անց Աղվան Հայրապետյանը հավասարեցրեց հաշիվը` 1:1: 56-րդ րոպեին հյուրերին հաշվում առաջ տարավ Զավեն Բադոյանը: «Միկայի» հարձակվող Նարեկ Բեգլարյանը կարողացավ վերականգնել խաղի հավասարությունը: Իսկ Ալեքս դա Սիլվան անկյունային հարվածով իրացրեց «Միկայի» երրորդ գնդակը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց «Միկայի» հաղթանակով` 3:2:

«Հրազդան» մարզադաշտում իրենց ուժերը չափեցին «Արարատն» ու «Գանձասարը»: հյուրերը 71-րդ րոպեին տուգանային հարվածով բացեցին հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Վլադիմիր Մատիչը:

Հաղթանակներից հետո «Միկան» ու «Գանձասարը» 8-ական միավոր հավաքեցին և գլխավորում են առաջնության մրցաշարային աղյուսակը:

Ապրիլի 10-ին տուրի կենտրոնական հանդիպմանը կմրցեն «Բանանցն» ու «Փյունիկը», կկայանա նաև «Շիրակ» - «Ուլիս» հանդիպումը: