28 ապրիլի 2011 - 14:42 AMT
Հայաստանի Կենտրոնական բանկը երկու անգամ կկրճատի 2011թ. սկզբին արձանագրված գնաճը

Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման և ֆինանսական կայունության հետ կապված հարցերն են քննարկվել Հայաստանի նախագահի մասնակցությամբ բանկիրների խորհրդակցության ժամանակ, լրագրողներին է հայտնել ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: «Ինչպես գիտեք, Հայաստանի բանկային համակարգը կազմում է հանրապետության ֆինանսական համակարգի 91 տոկոսը, այդ տեսակետից ցուցանիշների մեծ մասը կախված է բանկային համակարգի կայուն զարգացումից»,-ասել է նա խորհրդակցության ավարտին:

Սերժ Սարգսյանն ապրիլի 28-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել երկրում գործող 21 առևտրային բանկերի ղեկավարների հետ:

Այդ առնչությամբ Ջավադյանը հիշեցրել է, որ նույնիսկ ճգնաժամի ժամանակ Հայաստանի առևտրային բանկերը պատվով դուրս եկան իրավիճակից, համակարգում աճի միտումներ են նկատվում»: Ըստ Ջավադյանի, այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է թափանցիկ, զարգացած, կառավարելի բանկային համակարգ:

Ինչ վերաբերում մակրոտնտեսական ցուցանիշներին, ապա Ջավադյանն ասել է,որ ԿԲ և կառավարության ջանքերն ուղղված են նրան, որպեսզի գնաճը տարեսկզբի համեմատ երկու անգամ կրճատվի: «Գնաճը ծանր հիվանդություն է, որն անդրադառնում է բնակչության սոցիալապաես անապահով շերտերի վրա»,-հավելել է նա:

Ըստ վիճակագրական օպերատիվ տվյալների, 2011թ. հունվարին Հայաստանում գրանցվել է 10,6 տոկոս գնաճ 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ:

Հայաստանի 2011թ բյուջեում գնաճը նախատեսված է 4±1,5%: