28 ապրիլի 2011 - 14:46 AMT
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալը կարևորում է զինծառայողների սոցպաշտպանվածությունը

ԵԱՀԿ ծրագրի շրջանակներում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ գոյություն ունի ուղիղ կապ սպաների կրթության մակարդակի և բանակում կարգուկանոն հաստատելու մակարդակի միջև: Այդ մասին «Սպայի կերպարի ձևավորման առանձահատկությունները բանակում և հասարակությունում» թեմայով քննարկման ընթացքում հայտարարել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆստրան: Նրա խոսքերով, հենց սպայի բարոյականության մակարդակից է կախված կարգուկանոնը բանակում: Այդ առումով նա նշել է, որ սպաների կրթության ծրագրի բարձր մակարդակը շատ կարևոր է բանակում արժեհամակարգ ձևավորելու համար:Բացի դրանից, Հոֆստրան նշել է, որ սպաների բարոյական արժեքների պահպանման հարցում կարևոր դեր է խաղում սոցիալական պաշտպանվածությունը: Այդ առումով նա հույս է հայտնել, որ այդ հարցերը լինելու են Հայաստանի պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում պաշտպանական բարեփոխումների իրագործման շրջանակներում: