Թինա Քեյդենաուն գոհ է, որ 2009 թվականից Հայաստանում շատ բան է փոխվել

Թինա Քեյդենաուն գոհ է, որ 2009 թվականից  Հայաստանում շատ բան է փոխվել

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 29-ին ընդունել է եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպեքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուին:

Վարչապետը ողջունել է տիկին Քեյդենաուին ՀՀ կառավարությունում և նշել, որ նմանօրինակ քննարկումները հնարավորություն են տալիս գործակցությունն առաջ տանել:

Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ նախորդ` 2009թ. հոկտեմբերին կայացած հանդիպման ընթացքում տեղի ունեցած արդյունավետ քննարկումից հետո շատ բան է արվել:

Այնուհետև կառավարության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ընթացող բարեփոխումները, որոնց արդյունքները, չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությանը, տեսանելի հեռանկարում շոշափելի են լինելու: Այդ բարեփոխումների մի մասն իրականացվել են ԵՄ-ի և ԱՄՆ-ի տեխնիկական օժանդակության շնորհիվ: Դրանք վերաբերում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և դատական համակարգի խնդիրներին: Այդ համատեքստում վարչապետ Սարգսյանն անդրադարձել է պետական և հանրային ոլորտներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին, որոնց նպատակը քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումն ու պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է, մասնավորապես, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը:

Խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների մասին` վարչապետը կարևոր է համարել տնտեսության դիվերսիֆիկացումն ու այն հանգամանքը, որ վերջին շրջանում լուրջ աշխատանք է տարվում տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, զբոսաշրջության ոլորտներում:

Թինա Քեյդենաուն ողջունել է կառավարության ղեկավարի մոտեցումները և գործադիրի ջանքերը բարեփոխումների իրականացման ուղղությամբ և նշել, որ դրանք լիակատար աջակցություն կստանան, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

4  29.04.11 - Տիգրան Սարգսյան հանդիպումը Թինա Քայդանաուի հետ
 Ուշագրավ
---