ԼՂՀ նախագահը կարևորել է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը Քաշաթաղի հարավային թևում

ԼՂՀ նախագահը կարևորել է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը Քաշաթաղի հարավային թևում

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 29-ին այցելել է Բերձոր շրջկենտրոնում կառուցվող հիվանդանոցի և Աղավնո բնակավայրի մոտակայքում Սյունիք-2 հիդրոէլեկտրակայանի շինհարթակներ ու ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին:

Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, նախագահը եղել է նաև Իշխանաձոր գյուղում տեղակայված Քաշաթաղի ագրոտեխնիկական կայանում: Այնուհետև երկրի ղեկավարն ուղևորվել է Քաշաթաղի շրջանի հարավային թև: Երիցվանք գյուղում Բակո Սահակյանը ծանոթացել է ջերմոցային տնտեսության, Միջնավան քաղաքում՝ բրիկետային արտադրամասի, իսկ Ծոբաձոր գյուղում՝ ոչխարաբուծական տնտեսության աշխատանքներին: Բակո Սահակյանը կարևորել է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը Քաշաթաղի հարավային թևում և տնտեսական, և սոցիալական տեսանկյուններից՝ միաժամանակ նշելով, որ այն հանդիսանում է կարևոր գործոն տեղերում նախաձեռնողականության խթանման համար:

Նույն օրը նախագահն այցելել է Կովսական քաղաք և ծանոթացել այնտեղ իրականացվող տարբեր ծրագրերի ընթացքին: Երկրի ղեկավարը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Քաշաթաղի շրջանի հարավային թևի համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված համայնքների զարգացման հետ կապված հարցերին:

Բակո Սահակյանը նշել է, որ հարավային թևի սոցիալ-տնտեսական առաջընթացը դրականորեն կազդի ինչպես Քաշաթաղի շրջանի, այնպես էլ հանրապետության ողջ հարավային գոտու զարգացման վրա: Այս տեսանկյունից երկրի ղեկավարը շրջանում ենթակառուցվածքների զարգացումը համարել է նախանշված ծրագրերի հաջող իրականացման կարևոր նախապայմաններից մեկը: Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---