10 մայիսի 2011 - 15:44 AMT
Երևանում Իրանի դեսպանատանը չեն մեկնաբանում Բաքու զենքի առաքումների մասին խոսքերը

«Իրանը բարիդրացիական հարաբերություններ է պահպանում բոլոր հարևան պետությունների հետ: Մենք չենք ցանկանում, որ անհավաստի տեղեկություններն անդրադառնան հայ-իրանական բարեկամական հարաբերությունների վրա»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտարարել Հայաստանում Իրանի դեսպանատանը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ների այն տեղեկատվությունը, որ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Համենեիի ներկայացուցիչը Արդեբիլում իմամ-ջումա այաթոլլա Սեյիդ Հասան Ամելին հայտարարել է, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իրանն ակտիվորեն զինել է Ադրբեջանին:

Դեսպանատանը չեն հաստատել և չեն հերքել տեղեկատվությունը, փոխարենը նշել են, որ պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում բոլորին է հայտնի, քանի որ այն բազմիցս ներկայացրել է ինչպես Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, այնպես էլ ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը:

«Մենք չենք բացառում, որ կան ուժեր, որոնք ցանկանում են խոչընդոտել մեր բարեկամական հարաբերություններին»,-ասել են դեսպանատանը:

Ինչպես հայտնել են որոշ ԶԼՄ-ներ, Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Համենեիի ներկայացուցիչը Արդեբիլում իմամ-ջուման նշում է, որ ղարաբաղյան պատերազմին Իրանը որոշեց «բացահայտ չմասնակցել, սակայն, դիտորդ էլ չմնալ»:

«Իրանի քաղաքական գործիչները մինչ օրս չեն խոսել իրենց աջակցության մասին և, հավանաբար, դիվանագիտական նկատառումներով, չեն խոսի նաև առաջիկայում: Սակայն, ոչ ես: Ես «Շուշիի մարտերի մասնակիցներին, որոնք սպառազինության կարիք ունեին, մենք զենք էինք մատակարարում ավտոշարասյուներով: Ադրբեջանի կառավարության համաձայնությամբ և Ադրբեջանի 1992-93թթ. պաշտպանության նախարար Ռագիմ Գազիևի և Ռովշան Ջավադովի խնդրանքով, որն այն ժամանակ ՆԳՆ փոխնախարարն էր 1994-95թթ., ստեղծվեց ընդհանուր ադրբեջանա-իրանական պաշտպանության շտաբ, որի շրջանակներում Թավրիզի ու Արդեբիլի գեներալները օգնում էին ադրբեջանցի եղբայրներին, օր ու գիշեր ամեն ինչ անելով կանխելու համար հայկական ագրեսիան»,-հայտարարել է այաթոլլա Ամելին:

Ըստ նրա, Իրանը նաև կազմակերպչական աջակցություն է ցույց տվել առաջին գիծ տեղափոխելով հազարավոր մարտիկների Աֆղանստանից: «Մենք զենք էինք մատակարարում ոչ թե հայերին, այլ ադրբեջանցի եղբայրներին: Ռազմական նախապատրաստման մեր բազաները ոչ թե Հայաստանում էին, այլ Ադրբեջանում: Ադրբեջանում այսօր ապրում են իմ խոսքերի հազարավոր վկաներ, որոնք կարող են հաստատել իմ խոսքերը: Նրանք ողջ են, և գոնե մի կաթիլ խիղճ ունենալով, կարող են հաստատել իմ խոսքերը»,-ասել է նա: