Հայաստանը հետաքրքրված է ընտանեկան բիզնեսի զարգացման իտալական մշակույթով

Հայաստանը հետաքրքրված է ընտանեկան բիզնեսի զարգացման իտալական մշակույթով

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետի հրավերով հանրապետությունում է գտնվում իտալական Ֆրիուլի-Վենետիկ-Ջուլիա գավառի պատվիրակությունը: Ինչպես լրագրողների հետ զրույցում հաղորդել է Հայաստանի Արդյունաբերողների և ձեռներեցների միության նախագահ Արսեն Ղազարյանը, այսօրվա դրությամբ հայ-իտալական տնտեսական և մշակութային հարաբերությունները բարձր մակարդակում են, իսկ իտալական պատվիրակությունը ժամանել է նոր համատեղ ծրագրեր իրականացնելու համար շփման ուղիներ որոնելու նպատակով: Նրա խոսքով, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2010 թվականին կազմել է $127 մլն, ընդ որում` այդ գումարի մեծ մասը բաժին է ընկնում իտալական ապրանքի ներկրմանը Հայաստան: Արտահանումը կազմել է $7 մլն, որի հիմնական մասը բաժին է ընկնում վերամշակման արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը:

Արսեն Ղազարյանն ընդգծել է, որ իտալական հյուրերից Հայաստանը կարող է երկու բան սովորել` կորպորատիվ համագործակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում, այդ թվում` ընտանեկան բիզնեսի զարգացման մշակույթ, և համատեղ ձեռնարկությունների ստեղծելու համար արդյունաբերության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրում: Միության նախագահն ավելացրել է, որ համագործակցության ներուժ է տեսնում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զբոսաշրջությունը, հիդրոէներգետիկան, բանկային հատվածը, կերամիկան, սանտեխնիկան, ատամնաբուժությունը: Ղազարյանը հաղորդել է նաև, որ այսօրվա դրությամբ Հայաստանի տարածքում հայ-իտալական 50 համատեղ ձեռնարկություն է գործում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---