13 մայիսի 2011 - 14:42 AMT
Կարեն Անդրեասյան. Օմբուդսմենի գրասենյակը պետք է լիովին անկախ լինի կառավարությունից

Մայիսի 13-ին Երևանում ավարտվեց Եվրամիության առաջին «Թվինինգ» ծրագիրը, որը մեկնարկել էր 2009թ. հոկտեմբերի 14-ին՝ նպատակ ունենալով աջակցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, Ֆրանսիայի ու Իսպանիայի օմբուդսմենների գրասենյակների միջոցով: Ինչպես միջոցառման ժամանակ հայտարարեդ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, նման ծրագրերը մեծ նշանակություն ունեն հատկապես հայաստանյան գրասենյակի պես նորաստեղծ կառույցների համար:

Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի անկախության հարցին՝ Կարեն Անդրեասյանը խոսել է ֆինանսական խնդիրների մասին: Ըստ նրա, գրասենյակը չպետք է կախում ունենա ՀՀ կառավարությունից: «Կառավարությունը չպետք է հնարավորություն ունենա հոգեբանական ճնշում գործադրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի վրա՝ որոշելով, թե որ ծրագրերի իրականացմանը պետք է ուղղվեն ֆինանսական միջոցները»,-ասել է նա: Ըստ նրա, գրասենյակը պետք է լիովին անկախ լինի: