13 մայիսի 2011 - 15:17 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի մի քանի թանգարաններ այս տարի կվերանորոգվեն պետական միջոցներով

Երևանում գտնվող Եղիշե Չարենցի անվան գրականության եվ արվեստի թանգարանը և Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահի Սիսիանի և Էջմիածնի մասնաճյուղերը կվերանորոգվեն պետական միջոցներով: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Աշխատանքները կսկսվեն 2011 թ-ին, գրականության թանգարանի վերանորոգման աշխատանքները կշարունակվեն մինչև 2012 թ-ը, իսկ մյուսներինը` կավարտվեն այս տարի», ասաց Պողոսյանը:

Նա նաև հավելել է, որ նկարիչ Մարկոս Գրիգորյանի թանգարանը, որը գտնվում է գրականության եվ արվեստի թանգարանի շենքում, կմնա նույն տեղում: «Մենք հանդիպել ենք Գրիգորյանի հարազատների հետ, ովքեր նկարչի տունը չեն տրամադրել պետությանը` տուն-թանգարանի վերածելու համար: Այն այժմ վաճառված է: Սակայն ես խնդիր չեմ տեսնում, թանգարանը կարող է շարունակել գործունեությունը գրականության թանգարանի շենքում, քանի որ պետությունը ամեն կերպ հոգ է տանում աշխատանքների պահպանության համար», -ասաց նախարարը:

Նա նաև հավելեց, որ այս տարի Հայաստանը մասնակցելու է մի շարք միջազգային ցուցահանդեսների, որից ամենակարևորը Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակում ցուցադրվող խաչքարերի լուսանկարների ցուցահանդեսն է լինելու, մյուսը` հոկտեմբերին Հռոմում «Մետաքսե մեծ ճանապարհ» խորագրով ցուցահանդեսը , որտեղ Հայաստանը կներկայացնի իր հնագույն մայրաքաղաքներից մեկը` Դվինը:

ՖՈՏՈՇԱՐՔ