«Համաներմամբ Քաղբանտարկյալների ազատ արձակումը զգալիորեն կթուլացնի քաղաքական լարվածությունը Հայաստանում»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Ըստ նրա, քաղբանտարկյալների ազատ արձակման ֆոնին երկխոսությունն իշխանությունների հետ իրական է դառնում:
Այն հարցին, թե ինչու է Հայաստանի ղեկավարությունը որոշել համաներում հայտարարել, Մանուկյանը պատասխանել է, որ դրա հնարավոր պատճառը կարող է լինել ինչպես ժողովրդի, այնպես էլ միջազգային հանրության ճնշումը:
Նախօրեին ազատ են արձակվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն ու «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
Նախագահի համաներման վերաբերյալ առաջարկը հիմնված էր Հայաստանի Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Ազգային Ժողովի կանոնադրության մասին» օրենքի 90-րդ հոդվածի վրա: Մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց համաներման հայտարարման մասին ՀՀ նախագահի առաջարկը: Պատգամավորները 91 «կողմ» ձայներով այդ առաջարկի օգտին քվեարկեցին: «Դեմ» քվեարկող չէր եղել:
Հայկական ընդդիմությունը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն իր թեկնածությունն էր առաջադրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ և պարտվեց Սերժ Սարգսյանին, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում` իր դժգոհությունն արտահայտելով քվեարկության արդյունքների կապակցությամբ: Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին անկարգությունների և ոստիկանության հետ ցուցարարների բախումների վերածվեցին: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեց մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, իսկ բերման ենթարկվեց ավելի քան 100 մարդ: