Մայիսի 30-ին Երևանում տեղի ունեցավ Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի գործկոմի նիստը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է, վիճակահանությունը տեղի կունենա խաղերի մեկնարկից՝ հուլիսի 8-ից հինգ օր առաջ:
Խաղերի գլխավոր մրցավար Եղիշե Դավթյանը նշել է, որ չորրորդ խաղերի անցկացման համար տրամադրվել են Հայաստանի լավագույն մարզադահլիճներն ու մարզադաշտերը:
Ֆուտբոլային հանդիպումները կանցնեն «Նաիրի» , Հրազադն» մարզադաշտերում, «Փյունիկի» դաշտում, Աբովյանի քաղաքային մարզադաշտում և Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի արհեստական խոտածածկով դաշտում:
Ֆուտզալը կանցնի Հայաստանի Պոլիտեխնիկ ինստիտուտի դահլիճում: Երկու մարզաձևերի գլխավոր մրցավարն է ՀՖՖ մրցավարների ու տեսուչների բաժնի պետ Կարեն Նալբանդյանը:
Բասկետբոլի խաղերը տեղի կունենան «Միկա», «Դինամո» և ՀՖՖ դահլիճներում: Գլխավոր մրցավարն է Վահագն Հարությունյանը: Վոլեյբոլի մրցումները տղմարդկանց շրջանում տեղի կունենան Երևանի խուլ ու համրերի միության մարզապալատում, իսկ կանանց հանդիպումները կանցնեն տնտեսագիտական համալսարանի դահլիճում: Վոլեյբոլի գլխավոր մրցավարը կլինի Գարիկ Ջանիբեկյանը: Orange Fitnes-ը կընդունի թենիսի մասնակիցներին, իսկ ԲԿՄԱ դահլիճում տեղի կունենան սեղանի թենիսի հանդիպումները: Այդ մարզաձևերի գլխավոր մրցավարներն են Գրիգոր Դավթյանն ու Աշոտ Գյուրջինյանը: Շախմատի տանը գլխավոր մրցավար Վրեժ Օրդյանի ղեկավարությամբ, տեղի կունենա շախմատային հանդիպումները: Լողորդները կմրցեն Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում, իսկ մարմնամարզիկները՝ Արտաշատի մարզադաշտում: Բադմինտոնի մրցումները կանցնեն «Կիլիկիա» մարզասրահում: