Ռուսաստանում հայկական գյուղմթերքի արգելման մասին լուրերը սուտ են

Ռուսաստանում հայկական գյուղմթերքի արգելման մասին լուրերը սուտ են

PanARMENIAN.Net - Տեղեկատվությունն այն մասին, որ Ռուսաստանն արգելք է դրել հայկական գյուղատնտեսական մթերքի ներկրման վրա, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունից: «Հայաստանը շարունակում է բանջարեղենի և պտղի արտահանումը ռուսաստանյան շուկա: Այս առումով արտահանողները անհանգստության առիթ չպետք է ունենան»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ որոշ հայկական լրատվամիջոցներ լուրեր էին տարածել այն մասին, որ Ռուսաստանը ԵՄ երկրներից բանջարեղենի ներկրմանը զուգահեռ ժամանակավորապես արգելել է նաև հայաստանյան գյուղմթերքի ներկրումը Ռուսաստան:

Ինչպես լրագրողներին է հաղորդել Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Հայաստանը, հետևելով Ռուսաստանի օրինակին, նույնպես արգելել է բանջարեղենի, մասնավորապես` վարունգի, լոլիկի, պղպեղի ներկրումը Եվրոպայից: «Մենք ամեն տեսակի եվրոպական բանջարեղենի ներկրումն արգելելու մասին հայտարարեցինք` կապված որոշ եվրոպական երկրներում աղիքային վարակի տարածման հետ, սակայն մեզ նման բան չի սպառնում»,- ընդգծել է նա:

Հունիսի 2-ին Ռուսաստանն ամբողջությամբ արգելեց Եվրամիությունից բանջարեղենի ներկրումը: Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն արդեն նշել է այն պայմանները, որոնց դեպքում այդ արգելքը կվերանա: Առաջին հերթին Եվրոպան պետք է պարզի վարակի հարուցիչն ու տարածման պատճառները, վարակի տարածման ուղիները (օդ, ջուր, սնունդ), վարակի օջախները:

Հիվանդության դեպքեր են գրանցվել Գերմանիայում, Շվեդիայում, Դանիայում, Հոլանդիայում և Բրիտանիայում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---