ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկության վերաբերյալ, ըստ որի հայկական զինված ուժերը հունիսի 3-ին ադրբեջանցի քաղաքացիական անձ են սպանել, նշել է, որ «ԼՂՀ պաշտպանության բանակն արդեն հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե իբր ղարաբաղյան զինված ուժերի կողմից ադրբեջանցի քաղաքացիական անձ է սպանվել»:
Դավիթ Կարապետյանտ պնդում է, որ եթե ադրբեջանական կողմն ունի ապացույցներ, ապա կարող է դրանք ներկայացնել միջազգային համապատասխան կառույցին` հետաքննություն իրականացնելու համար: «Կարծում եմ` նման տեղեկությունների տարածումը հերթական սադրանքն է Կազանում նախատեսված նախագահների հանդիպումից առաջ, որով ադրբեջանական կողմը փորձում է քաղաքական միավորներ շահել»,- հայտարարել է Կարապետյանը:
Հունիսի 3-ին Բաքվի լրատվամիջոցները, հենվելով իրենց պաշտպանական գերատեսչության աղբյուրների վրա, տեղեկություն են տարածել առ այն, թե իբր ղարաբաղյան զինուժի ագրեսիվ գործողությունների արդյունքում հունիսի 3-ին Աղդամի ուղղությամբ սպանվել է Վերին Գիյամադընլը գյուղի անասնապահ Յելմար Փիրիևը: