8 հունիսի 2011 - 17:18 AMT
Բակո Սահակյանն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպեցին Ստեփանակերտում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին ընդունել է Արցախում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/ եւ Բեռնար Ֆասիեին /Ֆրանսիա/:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին առնչվող տարբեր հարցեր:

Երկուստեք նշվել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Նախագահ Սահակյանը, կրկին անդրադառնալով սահմանից դիպուկահարների հետ քաշման հարցին, ընդգծել է, որ դա կհանդիսանա փոխվստահության միջոցների իրականացման կարեւոր բաղադրամասերից մեկը եւ դրականորեն կազդի բանակցային գործընթացի վրա:

Բակո Սահակյանը մեկ անգամ եւս ներկայացրել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ առանց բանակցությունների բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության անհնարին է ակնկալել որեւէ բեկում հակամարտության կարգավորման գործընթացում:

Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք: