Հունիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալու է համերգ` նվիրված հայ անվանի կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի 60-ամյա հոբելյանին:
Համերգի ընթզցքում տեղի է ունենալու Երկանյանի Հինգերորդ սիմֆոնիայի կամ «Խաչված երազների» համաշխարհային պրեմիերան: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Երկանյանը, այն իր` Հայոց ցեղասպանությանը նվիրված սիմֆոնիկ եռապատման վերջին մասն է: Առաջին մասը դա իր Երրորդ սիմֆոնիան է կամ «Ձայն նահատակացը», երկրորդ մասը` չորրորդ սիմֆոնիան կամ «Նեմեզիսը», իսկ եռապատումը ավարտվում է Հինգերորդ սիմֆոնիայով կամ «Խաչված երազներով»: Այն գրված է Հրանտ Նազարյանցի «Աստեղահան մենություն» գրքի ընթերցման անմիջական ազդեությամբ: Այն բաղկացած է 4 մասից, առաջին մասը կոչվում է «Ստվերների արքայություն», երկրորդը` «Խաչված երազներ», երրորդը` «Եփրատի օրորը» իսկ չորորդը` «Աստեղահյուս պսակներ»:
Ինչպես նշեց հեղինակը, այն գրվել է 40 օրում և նվիրվում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին:
Իր հերթին Էդուարդ Թոփչյանը հավելեց, որ նշված սիմֆոնիան շատ գեղեցիկ գործ է և կցանկանար այն ներկայացնել արտերկրում: Ամեն ինչ կախված է նրանից, թե արտերկրում կցանկանան լսել այն, թե ոչ: Այնուամենայնիվ Թոփչյանը հույս հայտնեց, որ Բենիլյուքսի երկրներում այն փորձ կանի ներկայացնել: Համերգը ձայնագրվելու է, և ըստ Թոփչյանի, եթե այն հաջող լինի, հավանաբար սիմֆոնիան կթողարկվի ձայնասկավառակի տեսքով:
Միջոցաումը կազմակերպվել է ՀՀ վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից (գեղարվեստական ղեկավար և գխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան): Այդ օրը համերգի մենակատարն է լինելու գերմանացի դաշնակահար Բերնդ Գլեմզերը: Համերգի ժամանակ հնչելու են Ռախմանինովի «Պագանինիի թեմայով ռապսոդիա» և Լիստի «Totentanz» կամ «Մահվան պար» ստեղծագործությունները: