Այսօր ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ կլոր սեղան IPv6 արձանագրության միջազգային օրվա առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից։
Մասնակցեցին ինչպես ՀՀ ԳԱԱ ASNET-AM ցանցի, այնպես էլ Orange, Arminco, CORNET, GNC alfa, Web եւ այլ պրովայդերների ներկայացուցիչներ:
Կլոր սեղանի շրջանակներում քննարկվեցին IPv6 արձանագրության ներդրման, գրանցված և գործարկված IPv6 հասցեների բլոկերի առկայության, ինչպես նաև DNS ծառայության, HTTP և մի շարք այլ կարևոր արձանագրությունների տարածման հարցերը:
Աշխարհում մեծ արագությամբ ավելանում են այն սարքավորումները, որոնք մուտք ունեն ինտերնետ, օրինակ` համակարգիչները, բջջային հեռախոսները եւ այլն: Այդ սարքերը ինտերնետ մուտք գործելու համար ստանում են համապատասխան IP հասցե: Գործող IPv4 արձանագրության հասցեները մինչեւ տարեվերջ կսպառվեն:
Այդ խնդիրը կլուծի IPv6 արձանագրությունը: Այն հնարավորություն է տալիս ավելի շատ հասցեներ տրամադրել. նրա հասցեի երկարությունը 32 բիտի փոխարեն 128 բիտ է: Ներդնելով IPv6 արձանագրությունները` պրովայդերները կշարունակեն աշխատել եւ IPv4, եւ IPv6 արձանագրություններով: Հայաստանի մի շարք պրովայդերներ մասնակիորեն աշխատում են IPv6 արձանագրությամբ:
«IPv6 արձանագրությունը բացի այն, որ տալիս է հասցեների ընդլայնում, նաև նպաստում է նոր ծառայությունների ներդրմանը»,- ասաց ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը:
Ելույթներով հանդես եկան նաեւ «Ինտերնետ Հանրությանը» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» լաբորատորիայի վարիչ Արսեն Գալստյանը եւ ուրիշներ: