Հունիսի 8-ին ավարտվել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի դաշնամուրային առաջին փուլը: 24 դաշնակահարներից երկրորդ փուլ են անցել 9 մասնակից: Երկրորդ փուլում են Հայաստանից Ժորա Սարգսյանը, Իզաբելլա Մարությանը, Լիլիթ Գրիգորյանը և Անահիտ Դիլբարյանը, Ռուսաստանից Միքայել Հայրապետյանը և Սոնա Արշակյանը, Ուկրաինայից Սերգեյ Շկոլյարենկոն, Չինաստանից Պենգ Ցաոն և Կանադայից Սամուել Դիսոնը:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որին մասնակցելու համար այս տարի Երևան են ժամանել 36 դաշնակահար և 11 կոմպոզիտոր, ընդգրկում է երաժիշտներ Հայաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից, ԱՄն-ից, Կանադայից, Ավստրալիայից, Լիբանանից, Իսպանիայից, Վրաստանից, Չինաստանից, Կորեայի Հանրապետությունից և Դոմինիկյան Հանրապետությունից: Մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ Մշակույթի նախարարությունը «Արամ Խաչատրյան - մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Գլխավոր գործընկերն է ԱՊՀ-Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: Մրցույթը լուսաբանվելու է 45 միջազգային կայքերում: