9 հունիսի 2011 - 19:04 AMT
Գյուղատնտեսության նախարարությունը գյուղատնտեսության խնդիրները կփորձի լուծել ՏՏ միջոցով

«Աշխատանքային նախաճաշ նախարարի հետ» միջոցառման շրջանակում Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) հյուրն էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Այս մասին տեղեկացնում են գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունից։

Աշխատանքային հանդիպմանը ներկա են եղել ԻՏՁՄ անդամ կազմակերպություններից «Սինոփսիս Արմենիան», «Յունիքոմփը», iCON-ը, «Արմինկոն», «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը, «Սորսիոն», Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, Օհանյան Վարժարանըը, ADC-ն և «Օրանժ Արմենիան»:

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում կատարվող ներկայիս լայնածավալ վերափոխությունները և դրանց հետ կապված խնդիրները: Նախարարի կողմից հատուկ շեշտադրվել է գյուղատնտեսության ոլորտում տեխնոլոգիական նորամուծությունների կարևորությունը:

«Նորարարական լուծումները կտրուկ բարձրացնում են ցանկացած ոլորտի արտադրողականությունն ու աշխատանքի արդյունավետությունը, այդ իսկ պատճառով տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելիս անպայմանորեն պետք է հաշվի առնվեն ՏՏ ոլորտի կողմից առաջարկվող արտադրանքն ու լուծումները»,- նշել է Սերգո Կարապետյանը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ ԻՏՁՄ և Գյուղատնտեսության նախարարության միջև, որը կզբաղվի գյուղատնտեսության ոլորտում ՏՏ/ԲՏ լուծումների հետագա կիրառման ծրագրերով: Բացի այդ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև 2 կողմերի հանդիպումները դարձնել պարբերական:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 24-25-ը DigiTec Բիզնես ֆորումի և Մայքրոսոֆթ Ինովացիոն ֆորումի շրջանակներում։

«Այս հանդիպման մասին կտեղեկանան գյուղատնտեսության ոլորտում գործող գործարարները։ Վերջիններս մասնակցելով ֆորումին՝ կծանոթանան տեխնոլոգիական լուծումներին` հետագայում դրանք իրենց բիզնեսում կիրառելու նպատակով»,- նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: