9 հունիսի 2011 - 20:09 AMT
ՀՀ նախագահը Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան գործընթացի ներկա փուլը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 9-ին ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր, ինչպես նաև` հունիսի վերջին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանն ընդառաջ նախապատրաստական աշխատանքները:

Համանախագահները նախագահ Սերժ Սարգսյանին պատմել են Բաքվում և Ստեփանակերտում ունեցած հանդիպումների մասին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Այսօր ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը համանախագահներ հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանը հստակ պատասխան է տվել եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակին, եւ եթե Ադրբեջանը պատրաստ լինի տալ իր միանշանակ համաձայնությունը, ապա հնարավոր կլինի կարգավորման գործընթացում արձանագրել ակնկալվող առաջընթացը:

Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Արդյո՞ք Ադրբեջանի պաշտոնյաների՝ անգամ Դովիլից հետո բանակցային գործընթացի էությունը աղավաղող կամ հորինված մանրամասներ ներկայացնող հայտարարությունները` խաղաղապահ ուժերի կամ այլ հարցերի մասին, վկայում են առաջարկություններին՝ առանց փոփոխությունների եւ լրացումների համաձայնություն տալու Բաքվի պատրաստակամության մասին, ինչի վերաբերյալ կոչ էին արել համանախագահները»: