Չունենալով ռազմական կրթություն` Մոնթե Մելքոնյանը կյանքի կոչեց ռազմագիտությունը: Այդ մասին Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մահվան 19-րդ տարելիցին նվիրված մամլո ասուլիսում հայտնեց ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Նա պատմեց, որ Մելքոնյանի հետ ծանոթացել է 1992 թվականի փետրվարին, երբ հրամանատար էր փնտրում, որը կղեկավարեր Մարտունու ջոկատը: Նրա խոսքով, այն ժամանակ մի քանի հրամանատարներ կային, սակայն նրանք ոչ մի կերպ միմյանց հետ լեզու չէին գտնում: «Ուստի մեզ անհրաժեշտ էր մի հրամանատար, որը կմիավորեր մնացած բոլորին»,- ասաց նա: Այս համատեքստում Կոմանդոսը նշեց, որ սկզբում հրամանատարները չէին ընդունում Մելքոնյանին, սակայն արցախյան պատերազմի հերոսին հաջողվեց հաղթահարել և այդ խոչընդոտը և միավորել բոլորին հանուն մեկ նպատակի` գոյամարտի: Նա նկատեց նաև, որ Մելքոնյանը միշտ գերակատարում էր իր պարտականությունները:
Մամլո ասուլիսի շրջանակներում Արկադի Տեր-Թադևոսյանը նաև առաջին անգամ ցույց տվեց այն օրագիրը, որում պահվում էին նամակագրությունները արցախյան պատերազմի բոլոր հրամանատարների, այդ թվում` Մոնթե Մելքոնյանի հետ:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք պատերազմում հաղթանակը հնարավոր կլիներ առանց Կոմանդոսի և Մոնթե Մելքոնյանի, Արկադի Տեր-Թադևոսյանն ասաց. «Իհարկե, հաղթանակը հնարավոր կլիներ, քանի որ դա առաջին հերթին ժողովրդի հաղթանակն էր, և մեր փոխարեն կարող էին այլ մարդիկ լինել»:
Մելքոնյանի հետ միասին ծառայած ազատամարտիկ Վահե Շահմուրադյանն իր հերթին ասաց, որ Մոնթե Մելքոնյանը չգիտեր, թե ինչ բան է նահանջելը: «Նա միշտ առաջ էր նայում և երբեք չէր ընդունում նահանջելու հնարավորությունը»,- ասաց նա: Ընդ որում, Շահմուրադյանը նկատեց, որ Մելքոնյանն ավելին էր, քան հրամանատարը, քանի որ միշտ հոգ էր տանում և օգնում արցախյան ժողովրդին: «Բացի դրանից, Մոնթեն մարդկանց վրա ազդելու և հմայելու տաղանդ ուներ, բոլորը ձգտում էին նմանվել նրան»,- ընդգծեց նա:
Նոյեմբերի 25-ին կլրանար ղարաբաղյան պատերազմի լեգենդար հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) 54 տարին:
Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թ-ն նոյեմբերի 25-ն, Վարսելիա քաղաքում (Կալիֆոռնիա, ԱՄՆ): 1969 թ-ն Մոնթեի ընտանիքը տեղափոխվել է Իսպանիա: Վերադառնալով ԱՄՆ, ընդունվել է Բերկլիի համալսարանը «հնէաբանություն» եւ «Ասիայի պատմություն» մասնագիտությամբ: Պատմական գիտությունների թեկնածու էր, տիրապետել է 7 լեզվի: Դասավանդում էր իրանի եւ Լիբանանի հայկական դպրոցներում:
Մոնթեն մասնակցել է անցյալ դարի 70-թ-ների Լիբանանի քաղաքացիական պատերազմին: 1980 թ-ն անդամակցել է ASALA խմբակցությանը: Մոնթեն պլանավորել եւ կազմակերպել էր Վան գործողությունը (Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան գրավումը, 1981 թ-ի, սեպտեմբերի 24-ն), եւ մի շարք այլ գործողություններ, որոնք ուղղված էին թուրքական կառույցների դեմ եվրոպական պետություններում:
1990 թ-ն Մոնթեին հաջողվում է գալ Հայաստան: 1991 թ-ն սեպտեմբերի առաջին անգամ ժամանելով Արցախ, մյուս օրը մարտին է միանում: Մոնթեն մասնակցում էր ԼՂՀ-ի շրջանների ազատագրական եւ պաշտպանական գրեթե բոլոր մարտերին:
ԼՂՀ ՌՈւ-ի փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանը ամենավառ, տաղանդավոր հրամանատարներից մեկն էր, զոհվել է 1993 թ-ն հունիսի 12, Մարզիլու գյուղում տարօրինակ հանգամանքներում: Թաղվել է Երեւան քաղաքի «Եռաբլուր» պանթեոնում:
ԼՂՀ-ի պաշտպանության կազմակերպման բացառիկ ծառայությունների, դրսեւորված քաջության եւ անձնական խիզախության համար հետմահու արժանացել է ԼՂՀ-ի «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, դառնալով «Ոսկե Արծիվ» շքանշանի ասպետ: