Հայոց կաթողիկոսը այցելել է Ջավախքի Ծուղրութ գյուղ

Հայոց կաթողիկոսը այցելել է Ջավախքի Ծուղրութ գյուղ

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, շարունակելով հովվապետական այցը Ջավախք, մեկնեց Ծուղրութ գյուղ, ուր Ս. Սիոն եկեղեցում պահվում է նշանավոր Ծուղրութի Ավետարանը: Ձեռագիր Ավետարանը համբուրելուց հետո Նորին Սրբությունը աղոթք բարձրացրեց Ջավախքի հայորդիների համար, ապա իր օրհնությունն ու պատգամը բերեց ներկա ծուղրութցիներին:

«Մենք փառք ենք տալիս Աստծուն, որ մեր զավակներն այսքան նախանձախնդիր են մեր Եկեղեցու նկատմամբ, իրենց հայրերի սուրբ հավատքի և ազգային մեր ժառանգության նկատմամբ և մայրենի լեզուն խնամում և գուրգուրում են, պահում ու պահպանում են իրենց զավակների շուրթերի վրա», - նշեց Հայոց Հայրապետը` մաղթելով ծուղրութցիներին շարունակել աստվածասեր ու ազգանվեր ընթացքը և ապրել որպես հայ ժողովրդի արժանավոր զավակներ:

Նույն օրը հայոց պատվիրակությունն այցելեց Վրաց Եկեղեցու Ախալցիխեի և Տաո-Կլարջեթիի թեմի առաջնորդարան, ապա Հայրապետական շքախումբն Ախալցիխեից ուղևորվեց Ախալքալաք:

Մինչ ժամանումը Ախալքալաք պատվիրակությունը կանգ առավ Ասպինձայի շրջկենտրոնում, ուր Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Համայն Վրաստանի Պատրիարքին դիմավորեցին շրջանային վարչության նախագահ Բեսո Բեքաուրին, Դամալա գյուղի համայնքապետ Գուրգեն Թումասյանը, Դամալայի հայ համայնքի և Ասպինձայի վրաց բնակչության ներկայացուցիչներ: Շրջկենտրոնի հրապարակում հավաքված Ասպինձայի և Դամալայի հազարավոր բնակիչների հետ հանդիպման ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատմական այցը Ջավախք ողջունեց Իլիա Բ Վրաց Պատրիարքը£ Ապա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի օրհնությունը ներկա ժողովրդին փոխանցեց Վեհափառ Հայրապետը:

«Դեպի ձեզ եկանք գոհության աղոթքով, ուրախ սրտով, քաջալեր հոգով, և ահա տեսնում ենք հավատավոր ձեր հոգու խանդավառությունը, սերն ու հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ, որով համախմբվել եք այստեղ` դիմավորելու Հայոց և Վրաց Հայրապետներին», - ասաց Նորին Սրբությունը:

«Հավատքի կենարար ու շնորհաբաշխ զորությամբ մեր ժողովուրդը որտեղ էլ ապրել է, կառուցել ու արարել է, պահպանել է ու զարգացրել իր մշակույթը, ընթացել ժամանակին համաքայլ: Այս մասին վկայում է նաև ջավախահայոց պատմությունը, ձեր ընտանիքների պատմությունըª մեր Եկեղեցուն և հայրերի ժառանգությանը հավատարմության օրինակներով: Բազմաթիվ են մեր ժողովրդի բարեպաշտ, շնորհալի և մեծագործ զավակները, ովքեր ծնունդով Ջավախքից են և իրենց գործունեությամբ ավանդ ու վաստակ են բերել մեր եկեղեցական ու ազգային կյանքին, հինավուրց այս երկրի պաշտպանությանը, շենացմանն ու բարօրությանը: Այդ ոգին ու նվիրումը այսօր դուք, սիրելիներ, շարունակում եք ձեր եկեղեցասեր ու հայրենաշեն գործերով», - նշեց Վեհափառ Հայրապետը` մաղթելով հայորդիներին հաստատուն մնալ առ Քրիստոս հավատքի և հույսի մեջ, շենացնել Ջավախքը և հավատարիմ մնալ հայրենական սրբություններին ու հիշատակներին, ամենայն հայոց հոգևոր կենտրոնին` Սուրբ Էջմիածնին:

«Հավատում ենք, որ ձեր նախանձախնդրությամբ, մեր եկեղեցիների ու ժողովուրդների դարավոր բարեկամության ավանդներով պիտի հաղթահարվեն բոլոր խոչընդոտները, և դուք հոգևոր ու ազգային ձեր կյանքը շենացնելով, առ Տերը հավատով ու ապավինությամբ, որպես արժանավոր քաղաքացիները Վրաստանի, պիտի շարունակեք ձեր ավանդը բերել Վրաստանի առաջընթացին և մեր երկու ժողովուրդների ու երկրների բարի հարաբերություններին», - նշեց Նորին Սրբությունը` վերստին ուրախություն հայտնելով երկար սպասված այս հանդիպման առիթով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---