Հունիսի 16-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Հայաստանի մայրաքաղաքից 55կմ հեռավորության վրա գտնվող Հանքավան հանգստյան գոտում տեղի ունեցավ «Անի Ռեզորթ» նոր հյուրանոցային համալիրի բացման պաշտոնական արարողությունը:
Ինչպես դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, դեռևս խորհրդային տարիներին ավերված «Էրեբունի» առողջարարական համալիրի տեղում ժամանակակից հյուրանոցային համալիր է կառուցվել` 40 սենյակներով և 12 քոթեջներով, որը կարող է 140 հյուր ընդունել: Համալիրի վերակառուցումը սկսվել էր 2008 թվականին, երբ արդեն «Անի Ռեզորթ» նոր հյուրանոցային համալիրի հիմնադիր և սեփականատեր Հարութ Աճեմյանը ձեռք բերեց կառույցը և անձամբ սկսեց ղեկավարել դրա մոդեռնիզացման նախագիծը:
Հյուրանոցային համալիրի մեջ $7 մլն ներդրում է կատարվել, ընդ որում, տեղական արտադրության շինանյութերով շինարարական աշխատանքների ժամանակ մոտ 2000 նոր աշխատատեղ էր ստեղծվել հիմնականում մերձակա բնակավայրերի բնակիչների համար:
Հյուրանոցային համալիրի սեփականատերը ծրագրում է ագարակ կառուցել, որտեղ կարտադրվի տեղական գյուղմթերք, ինչպես նաև կկառուցվի սահադաշտ և դահուկային ճանապարհներ: