17 հունիսի 2011 - 12:30 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արթուր Աբրահամը Վլադիմիր Ենգիբարյանի անվան դպրոցին շուրջ 100 հազար եվրոյի մարզական գույք կնվիրի

Միջին քաշային կարգում IBF վարկածով նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (Գերմանիա) ժամանել է Հայաստան: Այցի նպատակն է ոչ միայն հանգիստն ու ուժերի վերականգնումը հայրենիքում, այլ նաև բարեգործությունը:

«Ես սկսել եմ բռնցքամարտով զբաղվել Վլադիմիր Ենգիբարյանի անվան դպրոցում և չորս տարի մարզվել եմ այնտեղ: Ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել իմ դպրոցին ու մարզիկներին և «Ադիդաս» ընկերության հետ շուրջ 100 հազար եվրոյի մարզական գույք կնվիրեմ դպրոցին: Պատանի բռնցքամարտիկները կունենան բռնցքամարտով զբաղվելու բոլոր պայմանները»,-հունիսի 17-ին Երևանում հայտարարել է Աբրահամը:

Աբրահամը մտադիր է նաև բռնցքամարտի նոր դպրոց բացել Երևանում պատանի մարզիկների համար: Նա հավելել է, որ դպրոցում բռնցքամարտիկները կուսանեն նաև օտար լեզուներ, հատկապես անգլերեն ու գերմաներեն: «Աշխարհում հայտնի դառնալու համար, բռնցքամարտիկը պետք է անպայման օտար լեզու իմանա, ֆիզիկական ու մարտավարական պատրաստությունից բացի, նա պետք է նաև լեզուներ սովորի»:

Ըստ Աբրահամի, ինքը միշտ հետևում է հայկական սպորտին ու երկրպագում է հայ մարզիկներին: «Միշտ էլ հաճելի է, երբ հայ մարզիկն իրեն լավ է դրսևորում միջազգային ասպարեզում: Շատ ուրախ եմ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը վերջին շրջանում լավ խաղ է ցուցադրում և արդյունքների է հասնում»,-ասել է մարզիկը:

ՖՈՏՈՇԱՐՔ