Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը շարունակում է խթանել հավասար հնարավորությունները աշխատանքի շուկայում` հավաքագրելով բազմազան կարողությունների և ունակությունների տեր աշխատակազմ: Սա Բանկին մրցակցային առավելություն է տալիս ընդլայնելու իր անձնակազմը, ինչպես նաև բիզնես ներուժը, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ:
Ներկայում բանկում պրակտիկա են անցնում 30-ից ավելի երիտասարդներ, որոնցից շատերը, հնարավոր է, հետագայում համալրեն Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի աշխատակազմը: Նշենք, որ այս երեք տասնյակ պրակտիկանտները ընտրվել են շուրջ 200 դիմողներից: Մարդկային ռեսուրսների հարցում բանկի այս քաղաքականության հաջողության եւս մեկ վկայությունն է վերջերս հրապարակված ուսումնասիրության արդյունքները, համաձայն որի Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ամենագրավիչ մասնավոր գործատուն է և ամենամեծ հարգանքն է վայելում Հայաստանի ֆինանսական ոլորտի ապագա մասնագետների շրջանում:
Բանկը մշտապես ցուցաբերում է ոչ խտրական վերաբերմունք ներկա և պոտենցիալ աշխատակիցների նկատմամբ` անկախ նրանց սեռից, ազգային և կրոնական պատկանելիությունից, ֆիզիկական կարողություններից: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը վերջերս արժանացավ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, “Առաքելություն արևելք” բարեգործական կազմակերպության և “Հույսի կամուրջ” հասարակական կազմակերպության Վկայականին` աշխատավայրը հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցնելու և նրանց աշխատանքի ընդունելու համար:
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը հաշմանդամ աշխատակիցների է ընդունում սկսած 1996 թվականից եւ այս առումով առաջին ընկերություններից մեկն է Հայաստանում: Մինչ այժմ Բանկը աշխատանքի է վերցրել 4 հաշմանդամների, երկուսը մեզ միացել են բանկի հիմնադրման առաջին իսկ օրվանից, իսկ նրանցից մեկն այս տարիներին զգալի առաջընթաց է ունեցել և ներկայում բարձր պաßտոն է զբաղեցնում բանկում», - ասում է Անձնակազմի Կառավարման Դեպարտամենտի տնօրեն Էլվինա Աղաջանյանը:
Էյչ-Էս-Բի-Սի Խմբի 87 երկրներում և տարածաշրջաններում գործող 7,500 գրասենյակներում աշխատում է 335 հազարանոց բազմազգ աշխատուժ: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանն ունի 360 տարբեր մասնագիտությունների, կրթության և փորձառության տեր աշխատակիցներ, որոնց միջին տարիքը 30-ն է` 40 և 60 տոկոս տղամարդ - կին հարաբերակցությամբ, բացարձակ մեծամասնությամբ եռալեզու և ընդհանուր առմամբ 8 այլ լեզուների իմացությամբ: