17 հունիսի 2011 - 15:06 AMT
Հայ և ռուս երիտասարդ գիտնականների խորհուրդների միջեւ կստորագրվի համագործակցության համաձայնագիր

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից հաղորդում են, որ հունիսի 20-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի Երիտասարդ գիտնականների խորհրդի եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երիտասարդ գիտնականների խորհրդի համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Համաձայնագրի նպատակն է զարգացնել երկու երկրների երիտասարդ գիտնականների համագործակցությունը: Ըստ համաձայնագրի` կողմերն իրենց իրավասությունների սահմաններում կաջակցեն ՌԴ ԳԱ եւ ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների համատեղ նախագծերի պատրաստմանը և իրականացմանը, երիտասարդ գիտնականների գիտական գործունեության և սոցիալական հարցերի լուծման համար կապահովեն տեխնիկական, տնտեսական, ֆինանսական և իրավական պայմաններ և ցուցահանդեսների, գիտական սեմինարների, գիտաժողովների, կլոր սեղանների անցկացման միջոցով կնպաստեն գիտական նվաճումների, տեղեկատվության փոխանակմանը եւ գործնական կապերի ընդլայնմանը:

Համաձայնագիրը կստորագրեն ՌԴ ԳԱ ակադեմիայի Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Վերա Միսինան եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը: