Սերժ Սարգսյան. Իշխանությունն ու ընդդիմությունը թշնամիներ չեն

Սերժ Սարգսյան. Իշխանությունն ու ընդդիմությունը թշնամիներ չեն

PanARMENIAN.Net - Ներքաղաքական ճգնաժամի որևէ պահի անգամ Հայաստանի ժողովրդավարական ապագան դույզն-իսկ կասկածի չի ենթարկվել: Այդ մասին այսօր` հունիսի 22-ին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակներում Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին ելույթի ժամանակ:

«2008 թվականին մեր երկիրը բախվեց ծանր խնդիրների և մարտահրավերների: Մարտյան ողբերգական իրադարձությունների հետևանքները հաղթահարելու ուղղությամբ իշխանությունների քայլերը մենք հանգամանորեն քննարկել ենք մեր բոլոր, այդ թվում` Եվրոպայի խորհրդի գործընկերների հետ»,- ասել է նախագահը: Նա նշել է, որ երբեմն լուրջ տարաձայնություններ են եղել և չեն համաձայնել միմյանց գնահատականների հետ, բայց գերազանցապես օգտակար են եղել այդ շփումները, խոհեմ խորհուրդները ու բանավեճերը: «Առանց դրանց անհնար կլիներ առաջ գնալ մարտյան ողբերգությունից հետո՝ խուսափելով նոր առճակատումներից ու աղետներից: Թույլ տվեք այսօր հարգանքի և գնահատանքի խոսքեր հղել Հայաստանի համազեկուցողներ պարոնայք Պրեսկոտին, Կոլոմբիեին և Ֆիշերին, ինչպես նաև հանձնակատար պարոն Համմարբերգին՝ իրենց արդյունավետ և հետևողական ներգրավվածության համար»,- հայտարարել է Հայաստանի ղեկավարը:

«Ժողովրդավարության ամրապնդման անընդհատականության կարևորությունը եղել և մնում է Հայաստանի իշխանությունների խորը գիտակցված համոզմունքն ու նպատակը: Այս համոզմունքով են բացատրվում նաև վերջին երեք տարիների և մասնավորապես վերջին ամիսների ընթացքում երկրում առողջ քաղաքական միջավայրի խթանմանն ուղղված քայլերի տրամաբանությունը: Նման վճռականությունը նաև շարունակում է մնալ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման նպատակով բոլոր կառույցների համապարփակ և շարունակական բարեփոխումների առանցքը: Մենք սովորում ենք: Մենք սովորում ենք լսել ու հարգել միմյանց կարծիքը: Սովորում և մեզանում քայլ առ քայլ արմատավորում ենք, որ իշխանությունն ու ընդդիմությունը թշնամիներ չեն, և պարտադիր չէ, որ ուժեղն իր ուժը ցույց տալու համար անպայման տրորի դիմացինին»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Ըստ նրա, մենք հանդուժողականություն ենք սովորում և երկխոսության մշակույթ ձևավորում:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---