Հայաստանի նախագահ. Եվրախորհրդի հիմնական ուղենիշը ղաբարաղյան կարգավորման հարցում չվնասելն է

Հայաստանի նախագահ. Եվրախորհրդի հիմնական ուղենիշը ղաբարաղյան կարգավորման հարցում չվնասելն է

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորման հարցում Եվրախորհրդից առաջին հերթին պետք է ակնկալել` չվնասել գործընթացը: Այդ մասին այսօր` հունիսի 22-ին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակներում Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին ելույթի ժամանակ: «Ոչ լիարժեք տեղեկացված քննարկումները, իրենց կարճաժամկետ ներազդեցությամբ, կողմերին հնարավորություն են տալիս խուսանավելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ներքո ընթացող բանակցությունների շրջանակում ձևավորվող երկարաժամկետ լուծումներից»,- նշել է Սերժ Սարգսյանը, հավելելով, որ վստահ է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գործընկերների ճնշող մեծամասնությունը, երբ արտահայտել, արտահայտում կամ արտահայտելու է ցանկություն Ղարաբաղին առնչվող որևէ հարցի քննարկման կապակցությամբ, ապա դա արել, անում կամ անելու է սրտացավությունից և բարի կամքից ելնելով: «Բայց, միաժամանակ, չի կարելի բացառել նաև պակաս տեղեկացվածության պայմաններում իրականացվող քայլերի հնարավորությունը, ինչն իրականում մեծապես կարող է վնասել ողջ գործընթացը: Հետևաբար, փոքր-ինչ զգոն լինելու կոչ-խնդրանքով եմ դիմում բոլորիդ: Եվ չվնասելը պետք է դառնա հիմնական ուղենիշ»,- ընդգծել է նախագահը:

Հայաստանի ղեկավարը նշում է, որ ամեն դեպքում օգնելը հնարավոր է: «Անկախ նրանից, թե ով ինչպես է պատկերացնում ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը, մի բան հստակ է. Ղարաբաղը եղել է, կա և կմնա Եվրոպայի մաս: Թեկուզ դեռ չճանաչված, բայց, միևնույն է, մաս: Գիտակցո՞ւմ ենք արդյոք, որ Ղարաբաղի այսօրվա հանրությունը Եվրոպական հանրության` եվրոպական ընտանիքի մասնիկ է` անկախ իր պետության քաղաքական կարգավիճակից: Եվ ժամանակը չէ՞ արդյոք, որ Եվրոպայի խորհուրդը ուղղակիորեն աշխատի Ղարաբաղի հետ` իր իսկ գործառույթների կարևորագույն դաշտով` Մարդու իրավունքների պաշտպանություն, քաղաքացիական հասարակության ձևավորում, ժողովրդավարություն, հանդուրժողականություն և այլն: Եվ չի՞ լինի արդյոք շատ ավելի տրամաբանական, եթե Ղարաբաղի հետ աշխատանք սկսելուց հետո միայն Կառույցը ցանկություն հայտնի քննարկելու Ղարաբաղին առնչվող որևէ հարց, ի դեպ՝ նույն ղարաբաղցիների մասնակցությամբ»,- նշել է Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---