Հայաստանի իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայի ընտրությունները լավագույնս կազմակերպելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները, ինչպես ցանկացած այլ ժողովրդավար պետության իշխանություն, միանշանակ կարևորում են արդար և թափանցիկ ընտրությունների դերը պետականության հետագա զարգացման գործում: Այդ մասին ԵԽԽՎ-ի լիագումար նիստում հունիսի 22-ին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Միևնույն ժամանակ, ազատ և արդար ընտրություններ ապահովելը դեռ բավարար չէ: Անհրաժեշտ է նաև, որ դրանք հենց այդպիսին ընկալվեն հասարակության կողմից: Այս տեսանկյունից պետք է միանշանակորեն առանձնացնել նոր ընտրական օրենսգրքի ընդունման փաստը: Նշեմ, որ նոր ընտրական օրենսգրքի մշակման ժամանակ վերլուծության են ենթարկվել դիտորդական առաքելությունների բոլոր նախկին զեկույցները, և մենք հավատում ենք, որ այն թույլ կտա ոչ միայն անցկացնել իրապես լավ ընտրություններ, այլև կերաշխավորի հանրության կողմից ընտրությունների արդյունքների լիարժեք ընդունումը»,- հայտարարել է նա:

Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայի ընտրությունները Սահմանադրության և օրենքների, ինչպես նաև մեր միջազգային պարտավորությունների շրջանակներում լավագույնս կազմակերպելու համար: «Մենք շնորհակալ ենք Եվրոպայի խորհրդին՝ այդ ոլորտում նրա բազմաթիվ կառույցների հետևողական աջակցության և խորհրդատվության համար»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

«Կարևորագույն այդ ուղղությամբ համագործակցելու ենք նաև մեր երկրի քաղաքացիական հասարակության բոլոր շահագրգիռ հաստատությունների հետ: Մենք պատրաստ ենք ընդունել մեր բոլոր միջազգային գործընկերների խորհուրդն ու աջակցությունը, պատրաստ ենք օգտագործել արդեն գոյություն ունեցող բոլոր մեխանիզմները և ստեղծել ընտրությունների ներքին և միջազգային դիտարկման ամենաթափանցիկ հնարավորություններ: Ամենակարևորն այն է, որ գալիք ընտրությունները տեղի ունենան հանրային վստահության պայմաններում և ամրապնդեն մեր ձեռքբերումները:

Իրականացվող բարեփոխումների, ժողովրդավարության կայացման գործում մենք չենք փնտրում կարճ ճանապարհներ: Չենք փնտրում նաև քաղաքական նպատակներով գովասանքներ միջազգային հանրության կողմից, ոչ էլ փորձում ենք ուրիշներին ապացուցել մեր ճանապարհի անսխալականությունը: Ավելին, մենք չենք փորձում պատսպարվել այսպես կոչված «օբյեկտիվ» սահմանափակումների հետևում` լինեն դրանք չլուծված հակամարտություն կամ մեզ հետ հարաբերությունները կարգավորելու անկարող հարևաններ: Համոզված եմ, այնուամենայնիվ, որ վերջին հաշվով այն, ինչ մենք անում ենք այսօր, իսկապես մնայուն է: Միևնույն ժամանակ, ակնկալում ենք, որ թե՛ Խորհուրդը, թե՛ Վեհաժողովը ցուցաբերեն համարժեք քաղաքական արժանահավատություն և օգտագործեն արդար ու համահավասար կանոններ անդամ-երկրներին գնահատելիս»,- հայտարարել է Հայաստանի ղեկավարը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---