ՀՀ 5 քաղաքներում 3 տարվա ընթացքում կկառուցվի մինչև 1000 բնակարան ցածր եկամուտներ ունեցող անձանց համար

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար, Հայաստանի Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի (ԱՍԲԱ) խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը Նիդեռլանդներ կատարած այցի շրջանակներում հունիսի 22-ին հանդիպել է Հոլանդիայի մի շարք սոցիալական բնակարանային հիմնադրամների և կազմակերպությունների ղեկավարների հետ:

«Վոոնբրոն» սոցիալական բնակարանային կազմակերպության խորհրդի նախագահ Բերտ վան Նյուվանհայզենի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսելու բնակշինարարության ոլորտում ենթակառուցվածքների զարգացման ռազմավարության մշակման հարցերում լայնածավալ համագործակցության ծրագիր` օգտագործելով այս բնագավառում հոլանդական լավագույն փորձը:

Եվրոպական «Սեկոդասի» ղեկավարության հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսելու բանակցային գործընթաց Հայաստանի Ազգային բնակարանային ասոցիացիայի` «Սեկոդասի» ասոցացված անդամ դառնալու շուրջ:

«Սեկոդասը» սոցիալական բնակարանային հիմնադրամները միավորող համաեվրոպական ցանց է, որին անդամակցում են ԵՄ անդամ 27 երկրներ: Կազմակերպության փոխնախագահ Ռուդի դե Յոնգի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում իրականացնելու սոցիալական բնակարանային համակարգի զարգացման ծրագիր` բնակարանային հիմնադրամների համաեվրոպական ցանցի ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ:

Այնուհետև Արթուր Բաղդասարյանը և «Հոլանդական միջազգային բնակարանային երաշխիքներ» հիմնադրամի նախագահ Էրիկ Բերժեն ստորագրել են պայմանագիր Հայաստանում սոցիալական բնակարանային ոլորտում ներդրումային ծրագրերի պորտֆելի ձևավորման համար` առաջին փուլում շուրջ 3 մլն եվրո ընդհանուր ծավալով աջակցություն, որն ուղղվելու է Հայաստանում ցածր և միջին եկամուտներ ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը: Այս ծրագրերի կենսագործման համատեքստում «Գրին վեստ» սոցիալական բնակարանային կազմակերպության հետ քննարկվել և հաստատվել է ԱՍԲԱ-ի ներդրումային ծրագրերին երաշխիքներ տրամադրելու հարցը, իսկ «Նորհուստ» շինարարական կոնցեռնի հետ քննարկվել է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաներով բնակարանային շինարարության հարցը, ինչը կնպաստի սոցիալական բնակարարանների մատչելիության բարձրացմանը: Առաջին սոցիալական բնակարանները կսկսվեն կառուցվել արդեն այս տարվա աշնանը: Ծրագրի առաջին փուլում ընդգրկված են Դիլիջան, Աշտարակ, Ապարան, Հրազդան և Վեդի քաղաքները, որտեղ նախատեսվում է առաջին 3 տարում կառուցել մինչև 1000 բնակարան ցածր եկամուտներ ունեցող անձանց համար, հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամուլի գրասենյակը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---